ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փողոցային շնամարտերից» մինչև ավտոմեքենաներով «տրյուկներ»․ անպատժելիության հետևանքները
Թեպետ, դեռ 2019թ.-ի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է, այնուամենայնիվ, ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները, այդ թվում՝ դրանց հրապարակումն ու տարածումը սոցիալական ցանցերի միջոցով շարունակվում է:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է հետևել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և բարձրաձայնել խնդիրների մասին: Երիտասարդների շրջանում հայտնի սոցիալական ցանցերից մեկում Կարեն Անտոնյան (karenantonyan0) անունով օգտատերը պարբերաբար բեռնել է տեսանյութեր, որոնք վկայում են Հայաստանում փողոցային շնամարտերի ամոթալի պրակտիկայի գոյության մասին: Կենդանիների մարտերի իրականացումը ՀՀ-ում ոչ միայն անվերահսկելի է, այլև՝ անպատժելի, այն դեպքում, երբ կենդանիների մարտեր կազմակերպելու և իրականացնելու համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ: Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ վերոնշյալ օգտատիրոջը հետաքրքրում են ոչ միայն ապօրինի շնամարտերը. վերջինիս նաև ոգեշնչում է ճանապարհային երթևեկության կանոնների կոպտագույն խախտումներով երթևեկությունը, որի հետևանքները երբեմն աղետալի են լինում: Օգտատերը սոցիալական հարթակ է բեռնել մեքենաներով «հնարքների» տեսանյութեր, որտեղ երևում են նաև մեքենաների պետհամարանիշները: Կարեն Անտոնյան անունով օգտատերը շնամարտերից պարբերաբար տեսանյութեր է բեռնել, որոնք սովորաբար ունեցել են բարձր դիտելիություն: Այսինքն, երևույթը ոչ միայն չի դատապարտվում, այլև՝ լայն տարածում է ստանում: Շնամարտերի վերջին թարմ տեսանյութերը բեռնվել են՝ 22.02.2020թ., 19.02.2020թ., 09.01.2020թ., 20.01.2020թ. և այլն, իսկ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումների մասին վկայող տեսանյութերը՝ 23.08.2019թ., 21.07.2019թ.:
ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է. «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) առանձին դաժանությամբ, 3) մանկահասակի ներկայությամբ, 4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: