Իմ նպատակն է պարզել` ինֆորմացիան ինչ կերպ է դուրս եկել իրավապահ մարմնի տիրույթից. Պապիկյանին հրավիրել են ՀՔԾ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2 օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հիմա ինքը տուժողի կարգավիճակ չունի, բայց ունենալու է։ «Իմ նպատակն է պարզել, թե պաշտոնյայի մասին գաղտնի ինֆորմացիան ինչ կերպ է դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, ո՞ր պաշտոնյայի միջոցով, կամ ո՞ր ոչ պաշտոնյայի միջոցով»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Hraparak.am» լրատվական կայքում հրապարակվել էր՝ «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ նյութը, որում գրվում է, որ Սուրեն Պապիկյանը ծառայության տարիներին դատվել է, և այդ հանգամանքը թաքցրել իր կենսագրությունից։

Նշենք նաև, որ այս հրապարակումից հետո Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ այդ տեղեկատվությունը հասանելի էր ոստիկանությանը, և փոխանակ իրավապահ շրջանակների տարբեր բարձրաստիճան պաշտոնյանները զբաղված լինեին հետհեղափոխական շրջանում ՀՀ-ն թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկողներին և նրանց հանցագործությունները բացահայտելուն, զբաղվել են ՀՀ պետական պաշտոնյայի նկատմամբ կոմպրոմատների ինչ-որ փաթեթներ ձևավորելով։

 

Սուրեն Պապիկյանի այդ հայտարարությանը հետևել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի արձագանքը։

Այսօր լրագրողը Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրե՞ն էին ուղղված այդ ակնարկները։ «Ես ասել եմ այն, ինչ պիտի ասեի։ Թե ով ինչ ակնարկ է տեսնում դրա տակ, իր խնդիրն է, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է, իրավապահները թող պարզեն»,- ի պատասխան ասաց Պապիկյանը։

Քաղաքականություն