ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոս Անջելեսում հրաժեշտ են տվել Քոբի Բրայանտին և Ջիանային
Լոս Անջելեսի Սթեփլզ Սենթր մարզահամերգային համալիրում հրաժեշտ են տվել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտին ու նրա 13-ամյա դստերը՝ Ջիանային: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, միջոցառումը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 24-ին: Մարզիկն ու նրա դուստրը մահացել են հունվարի 26-ին տեղի ունեցած ավիավթարից: Նրանց հետ ուղղաթիռում եղել է եւս 9 հոգի:
Հրաժեշտի արարողությանը մասնակցելու ցանկություն է հայտնել եւ տոմսերի համար հայտ է ներկաացրել ավելի քան 88 հազար երկրպագու: Դահլիճում, սակայն, տեղավորվել է շուրջ 20 հազար հոգի: Տասնյակ հազարներ էլ սիրելի մարզիկին հրաժեշտ են տվել համալիրի մոտ հավաքվելով:
Բացի երկրպագուներից՝ ներկա են գտնվել ընտանիքի անդամները, մտերիմները, շոու բիզնեսի եւ այլ բնագավառների աստղեր, որոնք մոտ են եղել մարզիկի հետ: Նրանց թվում են բասկետբոլի լեգենդներ Մայքլ Ջորդանը եւ Շաքիլ Օ’Նիլը, նույնպես լեգենդար մարզիկ, լողորդ Մայքլ Ֆելփսը, Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեստի, Քլոե Քարդաշյանի եւ Քրիս Ջեների հետ, Ջենիֆեր Լոպեսը, Սնուփ Դոգը եւ այլն: Քոբի Բրայանթին ու դստերը երգ են նվիրել Բեյոնսեն, Ալիշա Քիզը եւ Քրիստինա Ագիլերան:
Հրաժեշտի խոսք է ասել նաև Բրայանտի կինը` Վանեսա Բրայանտը:
«Մայրիկը, Նատալին, Բիանկան, Կապրին եւ հայրիկը քեզ շատ են սիրում, Ջիջի՛: Ես կկարոտեմ քո պատրաստած բացիկները, քաղցր համբույրները եւ շքեղ ժպիտը: Ես ամեն օր կարոտում եմ քեզ: Ես սիրում եմ քեզ»,-իր խոսքում նշում է այրին: