Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դատապարտվել է 5 տարի ազատազրկմամբ

2018 թականի օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց և այնուհետև նաև բաժնում ոստիկանների և նույնասեռականների միջև գրանցված միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործով դատավճիռ է հրապարակվել: Երկու ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում, նրանցից մեկը դատապարտվել 5, իսկ մյուսը 2 տարի ազատազրկման։ Վերջինս համաներումով ազատ է արձակվել պատժի կրումից: Այս մասին տեղեկացնում են  Դատական տեղեկատվական համակարգից: 

Գործով ամբաստանյալ էին Մարատ Կիրիլյուկը, և Ժիրայր Հովհաննիսյանը: Նրանք համապատասխանաբար մեղադրվում էին ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մարատ Կիրիլյուկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, Ժիրայր Հովհաննիսյանը՝ կալանավորված էր: 

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. օգոստոսի 14-ին ժամը 05:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացի հատվածում Ժիրայր Հովհաննիսյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն, ապա շարունակել իր խուլիգանական գործողությունները Կենտրոնականի բաժնի վարչական շենքում, որի ընթացքում նաև բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների նկատմամբ: Գործը գտնվել է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում: 

Ըստ Դատական տեղեկատվական համակարգում արված հրապարակման՝ 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, նույնասեռականներ Գևորգ Գասպարյանը (Լինա), Պողոս Ամիրխանյանը (Միլենա), Արթուր Հակոբյանը (Ալինա) և էդգար Ազատյանը (Էլլա) գտնվել են Երևան քաղաքի Զաքյան փողոցում գտնվող «Կոմայգի» կոչվող վայրում։ Այդ ընթացքում վերը նշված անձանց կողքով է անցել Գրիգոր Գրիգորյանը, ումից նույնասեռականները ծխախոտ են խնդրել, ապա նրա կողմից ստանալով բացասական պատասխան, սկսել են նրան վիրավորել, որից հետո Գրիգոր Գրիգորյանը հետապնդել է նշված նույնասեռականներին, իսկ վերջիններս դիմելով փախուստի, մտել են նախ «Շիրակ» հյուրանոց, ապա «Աստորիա» հյուրանոց, որի ընթացքում նույնասեռականները ահազանգել են ոստիկանություն, ապա գնացել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին։ 

Հասնելով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ, Արթուր Հակոբյանը (Ալինա) հեռախոսային խոսակցության ընթացքում իր ընկեր՝ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին (Յանա) հայտնել է տեղի ունեցած դեպքի մասին, իսկ վերջինս պատրաստակամություն է հայտնել մոտենալ իրենց և օգնել։ Քիչ անց ոստիկանության բաժնի մոտ են եկել նույնասեռականներ Մարատ Կիրիլյուկը (Յանա), Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Թելման Հարոյանը (Մանե) ու միացել են մյուս նույնասեռականներին։ Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել Գրիգոր Գրիգորյանին, ինչը տեսնելով՝ Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա) սկսել են աղմկել ու հայհոյանքներ հնչեցնել՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Բնակիչներից մեկին էլ՝ Մ. Ու.-ին, որը մոտեցել և դիտողություն է արել, ծեծի են ենթարկել: 

Ոստիկանները հեռացրել են բնակչին, ինչից հետո Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա), շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները և հետապնդելով նրանց, մուտք են գործել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենք և դիտավորությամբ դրսևորելով հակաբարոյական վարքագիծ, հայհոյանքներ հնչեցնելով և սպառնալիքներ տալով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների հասցեին, շուրջ 15-20 րոպե ամբողջությամբ խաթարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հարվածել են ոստիկաններից երկուսին, պատռել են վերջինիս համազգեստի շապիկը և ուսադիրը: