Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցերում դրանք գրեթե բացակայում են։

 

Auroranews-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում այս թեմայով։ Քաղաքացիները մասնավորապես նշում են, որ որևէ կերպ չեն կարողանում բժշկական դիմակ գնել, այն էլ այն դեպքում, երբ վիրուսն արդեն շատ մոտ է։ 

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ հարևան Իրանում հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդներ։ Վերջին տվյալներով՝ Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է 43 մարդ, արձանագրվել է մահացության 8 դեպք։ 

 

Քիչ առաջ Հայաստանի կառավությունը որոշում կայացրեց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, սակայն օդային հաղորդակցության նկատմամբ կիրառվելու են ոչ ամբողջական սահմանափակումներ:

Իրանի հետ բեռնափոխադրումները իրականացվելու են առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

 

Սահմանափակումներ չեն կիրառվելու Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

 

Հատկանշական է, որ բժշկական դիմակներ Հայաստան են ներկրվում հիմնականում Չինաստանից և Ռուսաստանից։ Ստացվում է, որ այս պահին դիմակ ներմուծելու հնարավորություն էլ չկա։ 

 

«Ալֆա-ֆարմ» դեղատների ցանցից Auroranews-ին տեղեկացրին, որ իրենց 172 մասնաճյուղից միայն 20-ում է, որ ունեն բժշկական դիմակներ՝ այն էլ շատ քիչ քանակությամբ․ «Վաճառվում է 50 դրամով, բայց ընդամենը 20 մասնաճյուղում է, որ փոքր քանակով ունենք։ Որոշում է կայացվել, որ ամեն մարդու 5 դիմակից ավել չվաճառել»։

 

«Նատալի Ֆարմ»-ից տեղեկացրին, որ վերջին շաբաթվա ընթացքում բժշկական դիմակներն ամբողջությամբ սպառվել են, վաճառվում էին 30-50 դրամով։ 

 

«Լևոն և Լամարա» դեղատից մեզ ասացին, որ եռաշերտ բժշկական դիմակներ ունեն, վաճառում են 30 դրամով, բայց ամեն քաղաքացու 5 հատից ավել չի վաճառվում ։

«Էսկուլապ» դեղատների ցանցից էլ Aurornews-ին հայտնեցինք, որ վերջին շրջանում սպառվել է մոտ 1 մլն բժշկական դիմակ․ «Այդ թվի մեջ է ներառված նաև այն օգնությունը, որն ուղարվել է Չինաստան»։

 

Ստացվում է, որ խոշոր դեղատնային ցանցերում դիմակների գները չեն փոխվել, սակայն քաղաքացիները դրանք ձեռք բերելու հնարավորություն չունեն, քանի որ երկրում բժշկական դիմակ կարելի է ասել չկա։

 

Auroranews-ը խնդրի մասին փորձեց խոսել նաև Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի հետ, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2592-ի, վարակման 77 հազար 150 դեպք։


 

Քաղաքականություն