Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. կոյուղաջրերը ողողել են գերեզմանները

Արդեն 10 օր է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջրերը հոսում ու լցվում են Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի գերեզմանների մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղտաջրերը արդեն ողողել են հարյուրավոր գերեզմաններ, նրանց մեծ մասն արդեն շարքից դուրս է եկել, քանի որ կեղտաջրերը խարխլել են գերեզմանների պատերն ու թուլացրել: 

 

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հանգուցյալների հարազատներն ասում էին. «Ով ա սենց սրբապղծություն տեսել, որ կեղտաջրերը հարամեն մեր հանգուցյալների շիրիմները: Մեռանք էդ Վեոլային զանգելով, մենակ ասում են թե կգան, բայց արդեն 10 օր ա խաբար չկա, մինչդեռ կեղտաջրերը հասել լցվել են շիրիմների մեջ: Մահացածների նկարների առաջ կեղտաջրերի գյոլ է առաջացել, ոտք դնելու տեղ չկա: Սենց բան դաժե կինոներում չէին կարող պատկերացնել, սա սրբապղծությունն է»: 

 

Հանգուցյալների հարազատներն այս ամենի մեջ մեղադրում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ասելով. «Երբ տեսանք, որ կոյուղատարը խցանվել է, անմիջապես զանգահարել ենք, օրը մի քանի անգամ նույնիսկ, բայց ամեն անգամ տարբեր բաներ են ասում, մի դեպքում՝ տեխնիկան տարածքում չի կարող աշխատել, մի դեպքում էլ՝ խնդիրն է լուրջ, բայց ում է դա հետաքրքիր, որ մենք էլ գնանք իրենց հարազատների գերեզմանների հետ նման կերպ վարվենք, իրենք ինչպես կվարվեն մեզ հետ»:  

Քաղաքականություն