Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտարարություն է տարածել

Երևանում օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում խնդրահարույց շներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է արել Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը։ 

Կենտրոնի հայտարարութույան մեջ նշվում է նաև, որ եթե շունը կծել է, պետք է նախ դիմել բժշկական հաստատություն և ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, ապա բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ դեպքի վերաբերյալ և այն ներկայացնել ԹԿՎԿ ՀՈԱԿ։ Դրանից բացի պետք է ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է` նկար)։ 

Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ էր բարձրացրել օգտատերերից մեկի` Մարինե Օհանջանյանի գրառումը, որտեղ նա հայտնել էր` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի թաղամասից դեպի Սվաճյան փողոց տանող հատվածում մեծ թվով թափառող շներ կան, որոնք պարբերաբար կծում են երեխաներին։ Օհանջանյանի հրապարակած լուսանկարները, որտեղ երևում էին, թե ինչ վնասվածքներ են ստացել երեխաները, բուռն արձագանքի էին արժանացել։ 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ հայտնել էր` դեպքը քաղաքապետարանի համար որպես ահազանգ է դիտվել, իսկ նման պարագայում փորձում են կապ հաստատել բնակչի հետ, որպեսզի շներին հայտնաբերեն։ Նրա խոսքով` ստերջացված շունն ագրեսիվ չի լինում, եթե նրան չեն հարվածում կամ փորձում վնասել։ Կուբատյանը հայտնել էր նաև, որ կա նաև հարցի մեկ այլ կողմը` Երևանից բացի, որևէ մարզ չի զբաղվում շների խնդիրներով, և հաճախ մարզերից չստերջացված շները գալիս են Երևան։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ