Խոշոր վթար երթուղայինների մասնակցությամբ․ վիրավորներ կան

 

Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIa մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, թիվ 269 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1993 Լ համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի և թիվ 39 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1773 Տ համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Լրատվականը նշում է, որ թիվ 39 երթուղին սպասարկող Գազելը դուրս է եկել հանդիսպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, որոնցից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի մոտ 1 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է, ու վարորդները մեղադրում էին Ճանշինին, սակայն Ճանշինի մեղավորությունն այստեղ չկա. նրանք ճանապարհը ամբողությամբ մաքրել են, ձյուն ու սառույց չի եղել, և մերկասառույցի մեղավորը «Վեոլիա Ջուր»-ն է, այդ մասին ասում էին բնակիչները։