Ձևական աճուրդի գործով Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին և որդուն մեղադրանք է առաջադրվել
Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ 2019 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. սեպտեմբերից մինչև 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը նշված համայնքում պատրաստվում է հողատարածքներ ձեռք բերել և պատրաստ է բարձր գին վճարել դրանց դիմաց, շահադիտական դրդումներից ելնելով, մտադրվել է ձևական աճուրդի միջոցով որդու անվամբ այդ վայրում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք ձեռք բերել, այնուհետև վաճառել այն ընկերությանը՝ անհամեմատ բարձր գնով։
Մասնավորապես՝ նշված համայնքի նախկին ղեկավարը, 2014թ. մարտի 27-ին հրավիրված ավագանու նիստի ժամանակ ստանալով հողատարածքն օտարելու վերաբերյալ ավագանու համաձայնությունը, որոշում է կայացրել աճուրդի միջոցով օտարել այն և աճուրդի մասնակից է գրանցել 18 տարին չլրացած՝ քաղաքացիական գործունակությամբ չօժտված իր որդուն: Վերջինս, 2014թ. մայիսի 6-ին տեղի ունեցած աճուրդի արդյունքում հաղթող ճանաչվելով, նշված հողատարածքը 410.130 ՀՀ դրամով ձեռք բերելու իրավունք է ստացել և գնել այն: Այնուհետև՝ 2015 թվականի մայիսի 26-ին, նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով՝ 147.300.838 ՀՀ դրամով, վաճառել է ՓԲ ընկերությանը՝ այս կերպ օժանդակելով հոր գործողություններին, որի արդյունքում Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ որդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել ընդհանուր 70.000.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, որոշում է կայացվել վերջինիս գույքի վրա կալանք դնելու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...