Էջմիածնում կատվին այրել են և նետել փողոց․ ահազանգ

«Դինգո թիմ» ՀԿ հայտնում էկենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքի մասին. Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցում արդեն 2-րդ անգամ «Դինգո թիմ»-ի կամավորները գտնում են խեղված կենդանու, մասնավորապես՝ խորը այրվածքներով կատվի, հաղորդում է Econews.am-ը:

«Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը կայքի հետ զրույցում նշել է, որ նույն տեսակի վնասվածքներով կենդանի նույն տարածքում հայտնաբերվել է նաեւ որոշժամանակ առաջ: Կենդանասերները դիտավորություն են տեսնում տեղի ունեցածի մեջ: 

Նշենք, որ կենդանիների նկատմամբ դրսեւորվող դաժան վերաբերմունքը վկայում է «հիվանդ» հասարակության մասին։ Ինչպես Econews.am-ի հետ զրույցում նշել է հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաեւ այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել եւ կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երեւում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- մանրամասնել է նա։  

 

 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը եւ իրականացնելը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը եւ այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: