ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի թիվ 160 դպրոցի հարակից տարածքում երեխայի առևանգման փորձ է կատարվել

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Լուիզա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից հայտնել, որ Երևանի թիվ 160 դպրոցի հարակից տարածքում երեխայի առևանգման փորձ է կատարվել: 

Օգտատերը մասնավորապես գրել է. 

«160 դպրոցի մոտ այսօր երեխայի առևանգման փորձա եղել, բարեբախտաբար երեխան կարողացելա փախչել...մամաներ զգոն եղեք!»,- գրել է օգտատերը: 

 

Auroranews-ը կապ հաստատեց Երևանի Էրեբունի վարչական շրջանի  Ավանեսովի փողոցում գտնվող թիվ 160 դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Մարտիրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել դպրոցից 400 մետր հեռավորության վրա: 

 

«Երեխային դպրոցից վերցրել է երեխայի հարևանուհին, ով իր երեխաների հետ միասին վերցրել է նաև այդ երեխային, երբ հասել են շենք երեխան ասել է, որ բարձրանում է տուն, հարևանուհին առաջ է անցել, որից հետո մոտեցել է  մի երիտասարդ և երեխային համոզել իր հետ ինչ -որ տեղ գնալ, երեխան սկզբում ենթարկվել է, իսկ հետ փախչել»,- ասաց փոխտնօրենը: 

 

Auroranews-ը  կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գրանցվել է նման դեպք  և ոստիկանությունը հայտարարությամբ հանդես կգա: