Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«ՀՐԱՏԱՊ

 

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման եւ անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։

 

Զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ նման կոպիտ խախտումները կրկնակի դատապարտելի են, երբ տեղի են ունենում հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության կողմից, որն իր ակնհայտ քաղաքական պատվեր հանդիսացող ռեպորտաժը պատրաստելիս նույնիսկ նպատակահամար չի համարել ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը:

Ավելին, պարզ չէ, թե ինչ իրավական ընթացակարգի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությանը հասու դարձել նշված «տեղեկատվությունը», երբ սույն քրեական գործով ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երբեւէ հանդես չի եկել որեւէ հրապարակային պարզաբանմամբ։

 

Հաշվի առնելով, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության եւ գործի բազմակողմանի քննության ու հանրայնացման սկզբունքների խախտումն այլեւս հատել է թույլատրելիի սահմանը՝ առաջիկա օրերին մեր փաստաբանական թիմը կձեռնարկի գործողություններ՝ պաշտպանության կողմի խախտված իրավունքների վերականգման եւ նշված իրավախախտումները կատարած անձանց շրջանակի բացահայտման եւ հրապարակման ուղղությամբ:

 

Հ.Գ. Ըստ ամենայնի, ոմանք սխալ են ընկալել զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանի նախագահի երեկվա հարցազրույցում արված դիտարկումը»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

Քաղաքականություն