Ոտնահարված է Արցախի քաղաքացու արժանապատիվ ապրելու իրավունքը. Վիտալի Բալասանյան
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի' հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, հաղթանակած երկրի քաջարի մարտիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ։
Հայրենյաց պաշտպանի կերպարը հայոց պատմության մեջ ձևավորվել է դարերի ընթացքում։ Բոլոր ժամանակներում հայ ազգային-ազատագրական պայքարում ներգրավված է եղել ողջ ժողովուրդը. պաշտպանելով հայրենիքը՝ հազարավոր հայորդիներ սխրանքներ են գործել, հերոսացել, շատերը՝ մարտիրոսվել ու անմահացել։ Հայրենյաց պաշտպանի կերպարը վերածնվեց Արցախյան ազատամարտի ընթացքում և դրան հաջորդող տարիներին: Պատերազմի ժամանակ ինքնաբուխ ձևավորված ինքնապաշտպանական ֆիդայական ջոկատները հենց մարտի դաշտում վերածվեցին կանոնավոր բանակի, որը դիմակայեց հակառակորդի նետած մարտահրավերներին և դարձավ մեր անվտանգության երաշխավորը։
Այսօր մենք առանձնահատուկ երախտագիտությամբ տոնում ենք նաև հայի ինքնության պաշտպան և գոյության երաշխավոր Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը։
Կերտած փառավոր հաղթանակից հետո Արցախում դեռևս բազում չլուծված խնդիրներ կան՝ կապված երկրի անվտանգության, պաշտպանունակության, պետական ինստիտուտների կառավարման, օրինականության և արդարության հաստատման, պետական գույքի և հողերի սեփականաշնորհման, տնտեսության զարգացման, Արցախի պատմաիրավական տարածքների բնակեցման, բնական ռեսուրսների շահագործման, ժողովրդագրական վիճակի, գործազրկության ու աղքատության հետ:
Մեր երկրում այդ խնդիրների մեծ մասի առկայությունը, սակայն, առաջին հերթին հետևանք է իշխանությունների ապաշնորհ կառավարման: Իսկ որոշ դեպքերում, պետական շահը ստորադասվել է անձնական շահին՝ պարարտ հող ստեղծելով ստվերային տնտեսության ձևավորման, օրինազանցության և անարդարության արմատավորման, պետական բյուջեի ոչ նպատակային օգտագործմամբ պետությանը պատճառած հսկայական վնասների ու մսխման, գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի ապօրինի սեփականաշնորհման կամ տասնյակ տարիներով շահագործման իրավունք ձեռք բերելու և օգտագործելու, հսկայական չափերի հասնող արտագաղթի, ապագայի նկատմամբ քաղաքացիների թերահավատության աճի համար:
Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Ոտնահարված է Արցախի քաղաքացու արժանապատիվ ապրելու իրավունքը և խիստ վտանգված է նրա ապագան։
Վստահ եմ, որ քաղաքական կամքի դրսևորմամբ, միասնական ուժերով, նվիրումով ու պետական շահի գերակայությամբ մենք կապահովենք
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան
հունվարի 27, 2020 թ.»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. ...