Վանեցյանի մասին «Հայկական ժամանակի» հոդվածը կուսումնասիրի ԱԱԾ-ն
«Հայկական ժամանակ» օրաթերթի՝ հեղաշրջման փորձի մասին «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրել և գործն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Դատախազության հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը, որը նախկինում ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի ընտանիքի մասին ֆեյք նյուզ տարածելով և այլ միջոցներով փորձում է պետական հեղաշրջում իրականացնել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը «Հայկական ժամանակից» պահանջում են Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները հերքել։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանը դավադրություններ է կազմակերպել իրենց ընտանիքի դեմ:
Նա իր էջում` գրառմանը կից, տեղադրել էր «Հայկական ժամանակ» թերթի «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Փաշինյանի ընտանիքի, մասնավորապես` Մարիամ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դեմ արվող հակաքարոզչությունը նաև ֆինանսավորում է Վանեցյանը:
Հոդվածին անմիջապես արձագանքել էր Վանեցյանը։ Նա իր հասցեին մեղադրանքներն ապատեղեկատվություն էր որակել և հայտարարել էր, որ այդ կեղծիքն անպատասխան չի մնա։