ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Մարուքյան, լավ չեք հասկացել վարչապետի երեկվա ասածը. Միրզոյան

Այսօր քվեարկությունների ընթացքում վարման խոսքով ելույթի իրավունք ստանալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դարձյալ անդրադարձավ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացը տապալելու՝ մեծամասնության երեկվա քայլին, հարց ուղղեց Արարատ Միրզոյանին, թե ինչո՞ւ չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Պատասխանը ստանալուց հետո էլ նորից ելույթ խնդրեց թեմային չվերաբերող հաջորդ հարցի քվեարկության ժամանակ՝ ասելով.

 

«Ըստ ձեր պատասխանի՝ դուրս է գալիս, որ դուք ոչ թե քաղաքական որոշում ունեիք որպես թիմ, այլ ուղղակի դուք ուզում էիք, որ ստեղծվի հանձնաժողով, բայց պատգամավորներն ազատ են քվեարել, չնայած ձեր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դեմ եք քվեարկելու։ Դուք, որպես քաղաքական թիմի կարևոր ներկայացուցիչ, ասել եք, որ դեմ չեք, հիմա այդ հայտարարություններն արել եք, երեկ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ  դուք քաղաքական որոշումով եք տապալել հանձնաժողովի ձևավորումը, բայց հիմա ասում եք՝ ազատ են քվեարկել»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց.

 

«Պարո՛ն Մարուքյան, Դուք, ըստ երևույթի, լավ չեք հասկացել վարչապետի երեկվա ասածը, ճիշտ հակառակը, քաղաքական խոսակցությունը, այդ թվում և ՔՊ վարչությունում, այդ թվում քաղաքական թիմի քաղաքական կամքը եղել է օժանդակել ձեր կողմից կասկածի տակ դրվող հարցերի քննությանը, մենք քաղաքական կամք ենք ունեցել գնալ մինչև վերջ, ուրիշ բան էր ասում վարչապետը, որ ընթացքում պարզվեց՝ իրավական խնդիրներ կան»:

Արձագանքեց նաև Լիլիթ Մակունցը.

 

«Դեմ դիրքորոշումը կարող է արտահայտվել դեմ, ձեռնպահ քվեարկելով կամ չմասնակցելով, էստեղ խնդիր չեմ տեսնում։ Մեր դիրքորոշման ելակետը եղել է իրավականը, մենք, հակառակը, կարծում ենք, որ քաղաքական որոշումները չեն կարող գերադասելի լիներ իրավական գործընթացից»,-ասաց նա:

 

Տեսանյութը Shantnews.am-ի: 

 

 

Քաղաքականություն