Դատախազը միջնորդեց վերանայել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը
«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»:
Այս մասին քիչ առաջ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Փորձաքննությունը եղել է ժամանակատար, եւ մենք պարբերաբար հետեւել ենք առողջական փաստաթղթերի տվյալներին, որոնք արձանագրվել են «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հետազոտություն է իրականացվել նաեւ «Արմենիա» բ/կ-ում, եւ հիմնական ախտորոշումները համընկել են»:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ խոսքը սրտի ռիթմի խանգարման մասին է. «Դա անակնկալ, հանկարծակի եկած ախտաբանություն է, եւ սրտի կծկումների հաճախականության հետ կապված կարող է բերել անկանխատեսելի բարդության»:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը փորձգետից հետաքրքրվեց արդյո՞ք Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդություններն ու բարդացումը համընկնում են կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններին, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշմամբ:
Դատախազի հարցին ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հիվանդությունները երկու կետով մասամբ համընկնում են: Խոսքը վերաբերում է սրտի ռիթմի եւ հաղորդականության կայուն խանգարմանը, ինչպես նաեւ՝ դիաբետի ախտորոշմանն ու արյան շրջանառության անբավարարությանը:
Դատախազի հարցին՝ արդյո՞ք նման պայմաններում անձը կարող է պահվել քրեակատարողական հիմնարկում, Գագիկ Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Հարցը փորձաքննության խնդիր է, բայց իմ անձնական փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նման վիճակում անձի գտնվելը քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ, որովհետեւ նման պայմաններ ՔԿՀ-ն չունի, Մանվել Գրիգորյանն այժմ կարիք ունի գտնվելու վերակենդանացման բաժանմունքում, որը կարող է տալ հավանականություն դրական ելքի, բայց կա նաեւ բացասական ելք»:
Դատախազը միջնորդեց վերանայել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ խնդրելով այն փոփոխելու պարագայում ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապահովի Մանվել Գրիգորյանի պատշաճ վարքագիծը ՀՀ-ի սահմաններում:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը՝ հիշեցնելով, որ ինքը բազմիցս բարձրաձայնել է Գրիգորյանի առողջության վատթարացման մասին:
Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր՝ ժ. 20:30-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...