Աջամյանի պապիկի հետ երեկ եմ խոսել, մենք մշտական կապի մեջ ենք․ Անդրանիկ Քոչարյան

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի պապիկի հետ երեկ եմ խոսել։ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

Զոհված զինծառայողի հարազատներն այս պահին կառավարության դիմաց են, նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Աջամյանը:

 

Վերջինիս մայրը լրագրողների հետ զրույցում հիշատակեց Անդրանիկ Քոչարյանի անունը՝ ասելով, որ նա փափուկ բարձ դրեց իր գլխի տակ, իսկ հիմա չի պատասխանում զանգերին։

 

Ի պատասխան լրագրողի հարցի՝ ԱԺ-ում Քոչարյանն ասաց, որ խոսել է Աջամյանի պապի հետ, մանրամասներ է ներկայացրել իրավիճակի մասին, ասել է, թե քննությունը ինչ ծավալի փորձագիտական աշխատանք է կատարում․

«Իրենք կասկած ունեն, որ կոմայի մեջ գտնվող մյուս զինվորականը կոմայից դուրս է եկել, ու իբրեւ դա իրենցից թաքուն են պահում։ Նա շարունակում է կոմայի մեջ գտնվել, ես չգիտեմ՝ ովքեր են հարազատներին բերել դարպասների մոտ, չեմ հասկանում։ Բայց թե՛ փաստաբանի միջոցով, թե՛ ընտանիքի անդամների հետ մշտական, ամենօրյա ռեժիմով կապի մեջ ենք։ Այն խոստումները, որ տվել եմ՝ քննությունն ամբողջությամբ, օբյեկտիվ իրականացնելու մասին, շարունակում են ուժի մեջ մնալ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ