ԶԼՄ-ների համար ստեծված այս միջավայրն օտգագործենք ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց այն բոլոր լրատվամիջոցներին, ովքեր վերահսկողություն են իրականացնում կառավարության գործունեության նկատմամբ։ 

 

«Այդ քննադատությունները մեզ օգնում են, որ մենք լինենք առավել հղկված, առավել ճշգրիտ, արդյունավետ։ Այս 1.5 տարվա արդյունքով կարող եմ ասել, որ անձամբ ես զգում եմ այդ դրական ազդեցությունը և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ գործունեության համար։ Բայց չեմ էլ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե ես մտածում եմ, որ ամեն ինչ պետք է թողնել այնպես, ինչպես կա։ Քանի որ, երբ մենք խոսում ենք իշխանության թափանցիկության մասին և այդ թափանցիկությունն ապահովող գործիքը ԶԼՄ-ներն են՝ հարց, իսկ արդյո՞ք տրամաբանական չէ, որ հանրությունը նույն կերպ թափանցիկություն ակնկալի ԶԼՄ-ներից։ Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության անդամների թափանցիկության ակնկալիքը։ Այս հարցով հրավիրում եմ ԶԼՄ-ներին համագործակցության և լուծումներ գտնելու»,-ասաց վարչապետը։  

Նա հիշեցրեց, որ երկար տարիներ եղել է լրագրող և խմբագիր։ «Համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան ՀՀ-ում գործող որևէ այլ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան ՀՀ-ում այսօր գործող որևէ խմբագիր, բայց կարող եմ ասել, որ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են, քան այն ժամանակները, որոնցում ես եմ աշխատել լրագրող կամ խմբագիր»,-ասաց նա։ 

Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում շատ կան կազմակերպություններ, նախարարություններ, ընդհուպ, պաշտոնյաներ, ովքեր այսօր աշխատում են նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 կամ 3 տարի առաջ։ «Այսօր Հայաստանում կան լրատվամիջոցներ, ովքեր աշխատում են այնպես, ինչպես 7. 3 կամ 10 տարի առաջ ։ Կառավարության մասով ես ասել եմ, որ դա չեմ հանդուրժի, լրատվամիջոցների մասով՝ չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է։ Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այս փաստի վրա։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ների համար ստեծված այս միջավայրն օտգագործենք ավելի լավ լրատվական միջավայր, ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար»,-ասաց վարչապետը։

Քաղաքականություն

Պատահարներ