Վենդետա Տավուշի մարզում. Դիլիջանում կրակոցներով սպանվել է վերջերս կալանավայրից ազատված 32-ամյա տղամարդը
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազ Մուրադ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս էր ազատվել։
Սպանության վայրից ևս 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սպանվածի ազգականն է՝ 23-ամյա Սուրեն Մանուչարյանը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև BMW X6 մակնիշի 10 MM 444 համարանիշի և Kia Sorento մակնիշի 93 ՏM 003 համարանիշի ավտոմեքենաները։