Վեճի ժամանակ տղամարդկանց վնասվածքներ հասցրած 26-ամյա երիտասարդը կալանավորվել է
Կիեւյան թաղամասում ծագած վիճաբանության ժամանակ տղամարդկանց վնասվածքներ հասցրած 26-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ երկու անձի առողջությանը ծանր եւ թեթեւ վնասվածքներ պատճառելու դեպքի հանգամանքները: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է:
2019 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:55-ին, Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի առաջային պատի, ձախից 6-7-րդ միջկողային տարածությունում միջին անրակային գծով կտրած-ծակած թափանցող վերքի» եւ «գլխի գագաթային շրջանի սալջարդի վերքի, ձախ այտային շրջանի, աջ աչքի ստորին կոպի, ձախ ականջախեցու շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել Երեւան քաղաքի 44-ամյա եւ Արարատի մարզի 38-ամյա բնակիչները:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով: 44-ամյա եւ 38-ամյա տղամարդիկ ճանաչվել են տուժող:
44 եւ 38-ամյա տղամարդիկ մարմնական վնասվածքներն ստացել են դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին, Կիեւյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նաեւ միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է` ծնված 1993 թվականին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին եւ 117 հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: