Փաշինյանը ՀԱՊԿ նիստում առաջարկել է անպատասխան թողնել զենք գնելու մասին Ադրբեջանի դիմումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար և կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:
«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:
Այնուհետև վարչապետն անդրադարձել է մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար:
«Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...