Դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը կաշառք է, որ մարդիկ իրենց պաշտոնը թողնեն. Զոհրաբյան

Իմ կարծիքով՝ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը բացարձակ անընդունելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

«Սա նշանակում է, որ ըստ էության, հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց՝ իրենց պաշտոնները թողնելու համար: Դատավորները, ովքեր կհամաձայնվեն այս նախագծին, արդյունքում կլքեն իրենց պաշտոնները, պետք է շատ լավ մտածեն, որ ցանկացած հաջորդ իշխանության ժամանակ նրանք վերադարձնելու են ոչ միայն այն գումարները, որոնց դիմաց իրենք չեն աշխատել, այլ նաև ամենայն հավանականությամբ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- հայտարարեց նա: 

Դիտարկմանը, թե կառավարությունը և իշխանական պատգամավորները նշում են, որ միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է դա, և որևէ խնդրահարույց կետ իր մեջ չի պարունակում, առավել ևս՝ կաշառք պետական մակարդակով, Զոհրաբյանն ասաց. «Ինձ նման միջազգային պրակտիկա հայտնի չէ, ես այստեղ տեսնում եմ խնդիր, քանի որ իրավական ճանապարհով չեն կարողանում այս խնդիրը լուծել, փորձում են այսպիսի ճանապարհով խնդիրը լուծել: Ես մի բան գիտեմ և դա աքսիոմա է. մարդը պետք է վարձատրվի իր կատարած աշխատանքի համար»: 

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին առ այն, որ երկրին սպառնացող վտանգներ կան, Սորոսի գրասենյակը վտանգ է ներկայացնում, կուսակցություններ կան, որ դրսից են ֆինանսավորվում, Զոհրաբյանն ասաց, որ երբ արվում են հայտարարություններ, դրանք պետք է բացվեն և ներկայացվեն կոնկրետ փաստերով: «Ես, չունենալով իմ ձեռքի տակ կոնկրետ փաստեր, չեմ կարող ասել՝ մտահոգիչ են, թե ոչ: Երբ որ պարոն Վանեցյանը կներկայացնի կոնկրետ առարկայական փաստեր, այդ ժամանակ ես կասեմ՝ այո կամ ոչ»,- ասաց նա: 
Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած՝ «Մեղավորը բռնարարն է» խորագրով ակցիային, որը քաղաքապետարանը ցանկացել է խոչընդոտել, մասնավորապես՝ չեն ցանկացել, որ այն տեղի ունենա, քանի որ պատասխանների մեջ բռնաբարություն բառն է եղել, ատրիբուտիկա է ցուցադրվում, որը կարող է հասարակության ինչ-որ շերտերի դուր չգալ, Զոհրաբյանն ասաց. «Կարծում եմ՝ կարևոր արշավ է գնում կանանց դեմ բռնության կանխարգելման գործում: Ես չգիտեմ ինչ պաստառներ են եղել, բայց վստահաբար ավելի գռեհիկ չեն եղել, քան մետրոյի տարածքում տեղի ունեցած այդ հակահիգիենիկ պերֆորմանսը: Եթե քաղաքապետարանը դրան թույլտվություն տվել էր, ապա մյուս ակցիայի նպատակը մեկն էր՝ կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը, կարծում եմ, որ այստեղ քաղաքապետարանը շատ զգայուն նյարդեր չպետք է ունենար»,- ասաց նա: 
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հայտարարությանն առ այն, որ Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է երբեք էլ չգա Աժ օրակարգ, Զոհրաբյանն ասաց. «Ես չգիտեմ՝ նրան որտեղից նման տեղեկատվություն, եկեք նրա ասածների վրա չհիմնվենք, եթե այդ կոնվենցիան գա, անցնելու է հստակ ընթացակարգեր. պետք է գնա կառավարություն, եթե կառավարությունը հաստատի, հետո՝ ՍԴ, և Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ այն համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ: Եկեք հիմնվենք փաստերի վրա, այլ ոչ թե առանձին պատգամավորների ասածների»:

Քաղաքականություն

Պատահարներ