Ստուգումներ են իրականացվնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը հրապարակումների հիման վրա ստուգումներ է իրականացնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող «Eloyan Architects» ընկերությունում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ ոստիկանությունից:

 

Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Պետրոսյանը ներկայացրել էր, որ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:

 

Նրա խոսքով՝ «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում: «Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017-ի վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով, կարծում եմ, կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց, միևնույնն է, մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- ասել էր Պետրոսյանը:

 

Թեմայի վերաբերյալ այսօր «Ազատության» հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, թե այդպես էլ չի հասկացել «կոռումպացվածության հասնող թայֆայականության» տերմինը:

 

Ավինյանը նշել է, թե, ինչքանով տեղյակ է, Էլոյանը պատրաստվում է Պետրոսյանի հայտարարությունների հետ կապված դիմել դատարան:

 

Անդրադառնալով հարցին, թե ինքն ունեցե՞լ է դերակատարում նրանում, որ «Eloyan Architects» ընկերությունը նման պատվերներ չստանա՝ Ավինյանը պատասխանել է, որ որեւէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված որեւէ դերակատարում չունի. «Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ: Եթե կա շահերի բախում, օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»:

Քաղաքականություն

Պատահարներ