Ֆրանսիան ուշի ուշով հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը. Մակրոնը նամակ է գրել Քոչարյանի փաստաբանին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Թորոսյանը լրագրողներին պատմել է, որ Մակրոնը պատասխանել է մեկ ամիս առաջ գրած իր նամակին։

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հետաքրքրվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը, ով Հայաստան է ժամանել Ֆրանսիայից։

 

«Գաղտնիք չէ, որ արդեն մեկ տարի է, ինչ ես զեկուցում եմ Ֆրանսիայի և միջազգային կառույցների ղեկավարներին։ Վերջերս էլ մանրամասն պաշտոնական նամակ եմ ուղարկել նախագահ Մակրոնին` մեկ տարվա ամբողջ ընթացքի վերաբերյալ։ Նամակի հետևանքներն իմ գործը չեն։ Դա դիվանագիտական հարց է։ Մեկ ամիս չանցած` մի քանի օր առաջ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասում է, որ վստահ եղեք` Ֆրանսիան ուշի ուշով հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,– ասաց Սևակ Թորոսյանը։

 

Ֆրանսահայ փաստաբանը հայտնեց նաև, որ Մակրոնի նամակն իրականում զարմացրել է իրեն, քանի որ Ֆրանսիայի նախագահն իր նամակին պատասխանելու որևէ պարտավորություն չուներ, ուստի ինքն էլ պատասխանի չէր սպասում։

 

«Բայց ինքը որոշեց պատասխանել` իմանալով, որ այդ պատասխանն իր գրասենյակի 4 պատերում չպիտի մնա»,– ասաց Թորոսյանը։

 

Փաստաբանական գրասենյակի նամակներից բացի, փաստաբանի խոսքով, դատավարության մասին իրենց երկրներին մանրամասն տեղեկատվություն են ներկայացնում նաև Հայաստանում գործող դեսպանատները, դիվանագիտական ներկայացուցչությունները։

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Քաղաքականություն

Պատահարներ