ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով:
Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:
Ցեղասպանության զոհերի ժառանգների և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և հետագայում դրա հիման վրա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:
Արդարացնելով և ժխտելով հայոց ցեղասպանությունը, ուժի կիրառմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելով իր հարևանների հանդեպ, երկու տասնամյակից ավելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, և ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության համատեքստում՝ Թուրքիան շարունակում է հանդիսանալ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք:
Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...