ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մասին, հորդորելով` երեխաներին հեռու պահել ծխախոտային արտադրատեսակներից:
«Հեռու պահե՛ք երեխաներին այս ծխախոտային արտադրատեսակներից։
Այսօր ահազանգ եմ ստանում երեխաներիս դպրոցի տնօրենից, ով պատմում է, որ աշակերտներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի ժամին և նրանք պարզել են, որ դա տեղի է ունեցել ծամելու ծխախոտի, այսպես կոչված սնուսի օգտագործման պատճառով, քանի որ դրա ծամելու ժամանակ նիկոտինի մեծ դոզա է թափանցում երեխայի օրգանիզմ լնդերի միջոցով։
Ուշադիր նայեք, թե որտեղ են դրանք ցուցադրված խանութում՝ հատուկ երեխաների համար հասանելի և գրավիչ վայրում, քաղցրավենիքի մոտ և դա պատահական չէ։ Եվ երբ մենք մեր նոր օրինագծով արգելում ենք ծխախոտային որևէ արտադրատեսակի ցուցադրությունը, ԱԺ մեր որոշ գործընկերներ տարբեր փաստարկներ են բերում, թե ինչու է դա սխալ։ Ասել եմ ու էլի կասեմ, որ դա ամենակարևոր միջոցն է այս խիստ վնասակար ապրանքատեսակը երեխաներից հեռու պահելու համար։
Ի դեպ նույնիսկ գործող օրենքով արգելվում է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց և կոնկրետ վաճառող խանութով մենք կզբաղվենք»,- գրել է նախարարը:
Auroranews.am-ը ամիսներ առաջ սնուսի մասին տեղեկություններ էր ստացել հենց սպառողներից ու փորձում էր պարզել, թե ինչ ճանապարհով ու ում ջանքերով է այն ներկրվում Հայաստան ու հայտնվում սուպերմարկետներում։
Կապ էինք հաստատել ներկրումների օրինականությունը վերահսկող տարբեր գերատեսչությունների հետ, բայց որևէ մեկը որևէ տեղեկություն չկարողացավ հայտնել այդ մասին։
Այնպիսի տպավորություն էր, որ սնուսը մանանա էր, որ թափվել էր երկնքից, ավելին, դրա մասին բոլորը զարմացած կարծես առաջին անգամ էին լսում, որ նման բան առհասարակ գոյություն ունի։ Ի դեպ, այդ խնդրով ահազանգեցինք նաև առողջապահության նախարարի մամուլի խոսնակին, տեղեկացրինք վտանգի մասին և խնդրեցինք որևէ պարզաբանում տալ վերոնշյալի վերաբերյալ։
Բայց, բարձրացված խնդիրն այդպես էլ որևէ մեկին, որևէ կառույցի, որևէ գերատեսչության չանհանգստացրեց։ Այս մասին Auroranews.am-ը տեղեկացրել էր նախարարությանը դեռ ամիսներ առաջ և նշել, որ այստեղ ծամոնի անվան տակ վաճառվում է մի թմրամիջոց, որն արգելված է նույնիսկ եվրոպական այնպիսի երկրներում, որտեղ օրինական վաճառվում են տարբեր նմանատիպ ապրանքներ: