Քաղաքականություն

«168 ժամ». Իշխանությունները չնկատելու են տալիս վիճակագրական այն տվյալները, որոնք իրենց պատկերացումներին հարմար չեն

WRed 255 դիտում
«168 ժամ». Իշխանությունները չնկատելու են տալիս վիճակագրական այն տվյալները, որոնք իրենց պատկերացումներին հարմար չեն

«168 ժամ» օրաթերթը գրում է. 

 

Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018 թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձևացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ:

Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի: Ճիշտ այդպես նախկինում էլ իշխանությունները չնկատելու էին տալիս վիճակագրական այն տվյալները, որոնք իրենց պատկերացումներին հարմար չէին գալիս: Օրինակ, ոչ մի պաշտոնյա երբեք չի հրապարակել իրավախախտումների մասին տվյալներ, եթե դրանք աճ են արձանագրել: Այս անգամ էլ հասարակությունն իրավախախտումների մասին պաշտոնատարների հրապարակային կամ սոցցանցային ելույթ-գրառումներից չեն տեղեկանա, որ 2017 թ. արձանագրված իրավախախտման 20 հազար 284 դեպքի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 22 հազար 551 դեպք: Սա դեռ ոչինչ: Հասարակությունը չի իմանա նաև, որ Դատական ակտերի հարկադիր կատարում հաշվետվության մեջ «ՀՀ պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված գումարներ» տողի դիմաց տարօրինակ թվեր են արձանագրված: ՀՀ բյուջեն 2017-ին ստացել է 18,1 մլն դրամ, իսկ 2018-ին՝ ընդամենը 10.8 մլն դրամ` սպասումներին, խոստումներին ու պաշտոնական հաղորդագրություններին հակառակ:

 

Նույն կերպ դժվար է պատկերացնել, որ առողջապահության ոլորտը կամ կառավարությունը ներկայացնող որևէ պաշտոնյա սոցցանցային գրառում կանի, որ Հայաստանում պակասում է հիվանդանոցային մահճակալների քանակը: 2017-ի 12.457 մահճակալի փոխարեն՝ 2018-ի հաշվետվության մեջ 12.153 մահճակալ է «հաշվառված»: Խոսքը միայն անկում, նվազում ու կրճատում արձանագրող տվյալների մասին չէ: Դժվար չէ պատկերացնելը, որ իշխանությունները հրապարակային չեն հպարտանա՝ գրառում անելով, որ «իրենց քրտնաջան ու նվիրված աշխատանքի, ստվերի ու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի արդյունքում անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվել»: Նախ՝ ասենք, որ «անվանական աշխատավարձ» ասվածը չհարկված աշխատավարձի չափն է (այսինքն՝ հրապարակված թվերը կարելի է մտովի պակասեցնել մեկ քառորդով): Ասենք ու հրապարակենք թվերը. 2017 թ. պաշտոնական միջին անվանական աշխատավարձը կազմել է 114.557 դրամ: 

 

Այն իսկապես 2018-ին բարձրացել է՝ դառնալով 115.336 դրամ: Բարձրացել է 779 դրամով: Անբարիշտ տնտեսագետներն այս դրվագում կհիշեցնեին գնաճի մասին ու կսկսեին պնդել, որ այդ բարձրացումը կուլ է գնացել գնաճին: Բայց դա թողնենք իրենց` անբարիշտ տնտեսագետներին: Թողնենք ու վերադառնանք կենսաթոշակների մասին տվյալներին:

 

Այստեղ բարձրացում չկա: 2017-ին միջին կենսաթոշակը կազմել է 40.634 դրամ, իսկ 2018-ին այն շատ քիչ է նվազել` 40.478 դրամ: Սակայն աշխատավարձերի 779 դրամանոց աճն ու կենսաթոշակների 156 դրամանոց նվազումն այնքան աննշան երևույթ է, որ դա չնկատելու տալը լուրջ բացթողում չես համարի: Փոխարենը՝ 2018 թ. Հայաստանը թվերով նկարագրող հաշվետվության մեջ կա մեկ հատված, որի բոլոր թվերը պատշաճ վերլուծության կարիք ունեն: «Աշխատանքի շուկան» նկարագրող բաժնում նշված է, որ 2017 թ. արձանագրված էր 219.000 գործազուրկ (խոսքը պաշտոնապես գրանցված գործազուրկների մասին չէ): 2018 թ. այն պաշտոնապես աճել է՝ կազմելով 234.000 մարդ: 2017-ի տվյալներով՝ մեր երկրում զբաղվածների թիվը գերազանցում էր 1 միլիոնը՝ կազմելով 1 մլն 11.700 մարդ: 2018-ի պաշտոնական հաշվետվությունը զբաղվածների ավելի փոքր քանակ է արձանագրել՝ 907.5 հազար մարդ:

 

Պարզ է, որ այս ցուցանիշների արդյունքում աճել է «գործազրկության մակարդակ» կոչվող ցուցանիշը` սա գործազուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում: 2017-ին այն 17.8 տոկոս էր, իսկ 2018-ին դարձել է 20.5 տոկոս: Ընդ որում՝ հանրապետական միջինից բարձր գործազրկության մակարդակ արձանագրվել է Վայոց ձորի մարզում` 21.8 տոկոս, Շիրակի մարզում 22.9 տոկոս, Կոտայքի մարզում` 25.5 տոկոս, Երևանում` 27.4 տոկոս: Իսկ ամենաբարձր ցուցանիշն ունի Տավուշի մարզը, ուր աշխատանք չունի համարյա ամեն երրորդ աշխատունակության տարիքի բնակիչ` 30.3 տոկոս:


Վերջում բերենք պաշտոնական մի քանի տվյալ, որ կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ (վստահ եմ, որ այդ տվյալներն էլ մեր պաշտոնյաները չտեսնելու են տալու): 2016 թ. Հայաստանում աշխատանք էր փնտրում մոտ 95.800 մարդ: 2017-ին աշխատանք փնտրողների քանակը մոտ 86.000 մարդ էր, իսկ 2018-ին` մոտ 82.000: Որպես վարկած՝ առաջարկում եմ մտածել, որ աշխատանք փնտրողների թվի նվազումը՝ գործազուրկների քանակի աճին զուգընթաց, կարելի է բացատրել, որ մարդիկ հոգնել են: Հոգնել են փնտրելուց: 

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250