Օգտագործել են 24 000 խմ-ից ավելի ջուր. բյուջե չի փոխանցվել 3.5 մլն դրամից ավելի գումար
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի դիմաց 150 դրամ տեղական վճար։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Սակայն համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և Բյուրական համայնքի, ինչպես և համայնքի տարածքից դուրս գործող կազմակերպությունների հետ ջրի սպառման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2014-ից 2019 թվականների ընթացքում այդ կազմակերպությունները սպառել են ընդհանուր 24 հազար խորանարդ մետրից ավելի ջուր, որի դիմաց Բյուրական համայնքի բյուջե չի փոխանցվել 3 միլին 600 հազար դրամից ավելի գումար, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։