
Քոչարյանի փաստաբանները «քարը քարի վրա չեն թողնելու». պաշտպան

Ես վստահ եմ, որ դատավոր Դանիբեկյանը չի կարդացել միջնորդությունը, այն տողերը, որ ես գրավոր ներկայացրի նախորդ դատական նիստին, բաղկացած էր 5 էջից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ամեն դատական նիստին պաշտպանները խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացնում, այս տեմպերով բուն դատավարության պրոցեսին երբ կհասնեն:
«Ես միջնորդության մեջ գրել էի՝ մի մեղադրեք մեզ, թե մենք փորձում ենք խոչընդոտել և ձգձգել դատական քննությունը, հակառակը՝ մենք այսօր հակված ենք մտնել դատական վիճաբանությունների փուլ և արտասանել պաշտպանական ճառ և քարը քարին չթողնել այս մեղադրանքի մասով»,- ասաց նա:
Հարցին էլ՝ շարունակելու են միջնորդություններ ներկայացնել, մինչև կբավարարի՞ Դանիբեկյանը, նա պատասխանեց. «Գործով անցնում է 4 ամբաստանյալ, ես չեմ կարող ասել՝ ինչ միջնորդություն ունեն մյուսների պաշտպանները, բայց մենք ունենք մի շարք միջնորդություններ, որոնք պետք է ներկայացնենք: Օրինակ՝ պետք է միջնորդենք՝ Դուք քննիչներ եք, դու քննչական խմբի ղեկավար ես, պարո´ն Հրաչյա Մուշեղյան, բա դու չգիտե՞ս, որ եթե մարդուն մեղադրում ես, ասում ես՝ ճնշում են գործադրել ՍԴ դատավորների վրա, ուրեմն պետք է նման ինֆորմացիա, ցուցմունք ունենաս, պետք է հարցաքննած լինես ՍԴ դատավորներին: Բայց նրանք ընդամենը հարցաքննել են մարտի 8-ին ՍԴ-ի որոշումը ստորագրած 8 դատավորներից միայն մեկին, որն ասել է՝ ինձ վրա ճնշում չի եղել, բա էն 7-ին ինչո՞ւ չեք հարցաքննել ու այստեղ գրել եք՝ ճնշում են գործադրել»:
Սահակյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք չեն երկարաձգում բուն քննությունը, այլ կատարում են իրենց պարտականությունները:
Նա չհավաստիացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն էլ գիտակցում է, որ եթե իրենք չանեն որոշակի միջնորդություններ, ապա կուշանան. «Որովհետև եթե մենք այսօր չմիջնորդենք, ապա նույն միջնորդությունը կարող եք ներկայացնել դատաքննությունն ավարտելուց հետո, որը ես համոզված եմ, որ չի լինելու»:
Սահակյանն ընդգծեց՝ Քոչարյանի դեմ ցուցմունք տվող չի կարող լինել և վստահեցրեց, որ Արշակ Կարապետյանը ցուցմունք չի տվել նրա դեմ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ գլխավորությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ վերջինիս պաշտպանների միջնորդությունը։
Հաշվի առնելով նախապես նշանակված այլ դատական նիստերի առկայությունը, այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին: