Էմոցիոնալ հայտարարությունները, որ հնչում են երկու կողմերից, աշխատանքին չեն օգնում․ Լավրով

Ռուսաստանի վարչապետ Սերգեյ Լավրովն այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել է, որ հումանիտար հարցերը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ապրիլին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նա ներկայացրել է ուղղությունները, որոնցով սպասվում էր աշխատանքը․ 


պահվող անձանց փոխանակում, 
մահացածների դիերի փոխանակում, 
լրագրողների փոխայցեր։ 


Այս ամենը, ըստ Լավրովի, թույլ կտար հանել լարվածությունը և պայմաններ ստեղծել բանակցությունների համար։ 

Լրագրողների մասով, ըստ Լավրովի, ԵԱՀԿ քարտուղարության միջոցով երկխոսությունը շարունակվում է, և կան հույսեր։ 

Իսկ պահվող անձանց փոխանակման մասով, ըստ Լավրովի, սպասումներն այնքան էլ լավատեսական չեն, սակայն աշխատանքը շարունակվում է։ 

«Իհարկե, այդ աշխատանքին չեն օգնում էմոցիոնալ հայտարարությունները, որ հնչում են երկու կողմերից»,- ասել է Լավրովը։ 


Նրա խոսքով՝  ԵԱՀԿ առաջիկա միջոցառման ժամանակ պետք է հնարավորություն ստեղծել լարվածության նվազեցման համար։ 

«Հայտարարությունները, որոնք պնդում են, որ Արցախյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն այսկերպ և ոչ այլ կերպ, երևի գործին չեն օգնում։ Համանախագահողների շարունակվող ջանքերն էլ հենց այն բանի համար են պետք, որ մոտեցնեն դիրքորոշումները և կոմպրոմիսի ելք ստեղծեն»,- ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հաճախ հայտարարում է իր նախապայմանները, թե Արցախյան հարցը պետք է լուծվի այս կամ այն կերպ։ 

Տեսանյութում հարցը, որին պատասխանում է Լավրովը, հնչում է 14։20 վայրկյանին: 
 

Քաղաքականություն

Պատահարներ