«Օրենքով գողերի» դեմ պայքարը բավական արդյունավետ է. Բադասյան
«Օրենքով գողերի» դեմ պայքարը բավական արդյունավետ է, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ՔՀԿ–ներում դեռ կա՞ն արտոնյալներ։
Հայտնել էինք, որ Նուբարաշենի ՔԿՀ–ում սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՔԿՀ–ների խնդրին` նշելով, որ Հայաստանի ՔԿՀ–ներում կան մարդիկ, որոնք շարունակում են արտոնյալ պայմաններում ապրել։
«ՔԿՀ–ներում արտոնյալ կարգավիճակ ունեցողների հանդեպ հետևողական պայքար է տարվում։ ՔԿՀ–ներում օրենքի գերակայություն հաստատելու համար արդեն իսկ ռազմավարություն ենք մշակել, որը շուտով կառավարության հաստատմանը կներկայացնենք»,–ասաց նախարարը։
Հարցին, թե, այնուամենայնիվ, հաջողվո՞ւմ է պայքարն «օրենքով գողերի» դեմ` Բադասյանը պատասխանեց, որ իրավապահ մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում այդ ուղղությամբ։ Նա նշեց, թե ՔԿՀ–ները վերջերս նորից հայտարարություններ էին տարածել, որ նորանոր դեպքեր են հայտանաբերել` արգելված իրերի տեղափոխման, թմրանյութերի ներթափանցման փորձի առնչությամբ։
«Մյուս կողմից, իրավապահները ոչ թե հատուկ քրեական հեղինակությունների դեմ են պայքարում, այլ հանցավորության դեմ պայքարի շրջանակում են քայլեր անում։ Այնպես չէ, որ հատուկ պետք է սկսեն զբաղվել քրեական հեղինակություններով»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել էին հարվածել խցերի դռներն և կերակրադռնակները՝ կոտրելով դրանք, խցերից վառվող առարկաներ էին նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ էր բռնկվել։
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով։