ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արզումանյան10 հասցեի բնակիչները ահազանգում են
Auroranews-ը ահազանգ է ստացել Արզումանյան 10 հասցեի բնակիչներից: Վերջիններս խնդրում են անդրադառնալ իրենց վթարային բնակելի շենքի խնդրին:
Ստորև ներկայացնում ենք նրանց հաղորդագրությունը (առանց խմբագրման).
«Հարգելի Radio Aurora կայքի խմբագիրներ, hուսալքությունից ու անելանելիությունից դրդված գրում եմ Ձեզ և խնդրում, որ օգնեք բարձրաձայնել` ձեր կայքի օգնությամբ, մեր դժվար լուծվող խնդիրը:
Արզումանյան 10 հասցեի վթարային շենքի բնակիչների կյանքին ու առողջությանը ամեն րոպե վտանգ է սպառնում` ամեն մի ձայնից պատերը ճաքում են, լայնանում՝ կարծես երկրաշարժ լինի: Դուրս ենք վազում, փախչում, սպասում մի քիչ և կրկին տուն վերադառնում, դռներն ու պատուհանները չեն բացվում, հատակը իջնում է ներքև, պատերից ահռելի քարեր են թափվում:
Դիմել ենք ամենուրեք, իմ ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել և տեսանյութեր, և գրառումներ, սակայն այս հարցը չի լուծվում, քանի որ կառուցապատողները հրաժարվում են մեր շենքի հետ գործ ունենալ, քանի որ բնակիչներից հինգը դեմ է ցանկացած առաջարկի:
Քաղաքապետարանը պարտավոր է վերաբնակեցնի մեզ, բայց բնակֆոնդ չունի, մենք էլ դիմում ենք կառավարություն, ազգային ժողով, մեր վարչապետին, որ օգնեն բնակֆոնդ հատկացնել ՀՀ քաղաքացիներին, երբ վտանգի մեջ են:
Օգնեք ծայրահեղ վիճակում գտնվող 13 ընտանիքի վերաբնակեցնեն: Կարող եմ վստահ ասել, որ շուտով ողբերգություն է լինելու և հուշարձան կառուցելու համար հաստատ ֆինանսներ կգտնվեն:
Իմ մեծ տղաս մասնակցել է ապրիլյան պատերազմին ու պաշտպանել մեզ, բայց հիմա իր ընտանիքին պաշտպանող չկա: Քաղաքապետարանը վարձով գնալու տարբերակն է առաջարկել, բայց քանի տարի է նիստերին քննարկվում է, բայց բնակֆոնդ չկա մեզ համար, առանց կառավարության որոշման բնակիչները չեն համաձայնվում: Օգնեք մեզ»,-ասված Է հաղորդագրությունում:
Auroranews-ը խնդրի վերաբերյալ խոսել է քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:
Նրա խոսքը՝ տեսանյութում.