Պատգամավորների աշխատավարձերը չեն բարձրացել. Թունյան

Բաբկեն Թունյանը վստահեցրել է` պատգամավորների աշխատավարձերը չեն բարձրացել։ Իսկ նախարարների աշխատավարձերի մասին պատգամավորները մամուլից են իմացել։

Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախապես չի իմացել։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը։

 

«Ես էլ եմ երեկ այդ մասին իմացել` մամուլից»,– ասաց Թունյանը։

 

Պատգամավորը խոստովանեց, որ փորձելու է տեղեկանալ այդ որոշման մանրամասներին, բայց ոչ հրապարակավ։

«Ոչ ամբիոնից, որովհետև դա մեր թիմի ներքին որոշելիքն է»,– նշեց  նա։

 

Այդուհանդերձ, Թունյանը, նախարարների աշխատավարձերը բարձրացնելու որոշմանը դեմ չէ։

«Կարծում եմ` արդարացված է, որովհետև մենք կոմպետենտ, որակյալ կադրեր ներգրավելու և  նրանց պահելու խնդիր ունենք»,– ընդգծեց պատգամավորը։

 

Պատգամավորը, սակայն, հիշեցրեց` եթե նախարարների աշխատավարձերը բարձրանում են, ուրեմն` պետք է ամբողջ պետական համակարգի աշխատավարձերը վերանայվեն, քանի որ  դրանք հաշվարկվում են բազային աշխատավարձի գործակցով։ Նախարարների աշխատավարձերի գործակիցը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 12 է, պատգամավորներինը` 10։

 

«Պատգամավորների աշխատավարձերի բարձրացման մասին գաղտնի որոշում չկա»,- վստահեցրեց  Թունյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացրել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

 

Ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։

 

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով նախարարների աշխատավարձը սահմանված է 793 հազար 680 դրամ, նախարարի առաջին տեղակալինը` 661 հազար 400 դրամ, նախարարի տեղակալինը` 562 հազար 190 դրամ, նախարարի գլխավոր խորհրդականինը` 308 հազար 305 դրամ, խորհրդականինը` 363 հազար 770 դրամ։

 

Քաղաքականություն

Պատահարներ