Ինչո՞ւ է Արտակ Նահապետյանը ազատվել աշխատանքից, ո՞վ է փոխարինելու նրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան Արտակ Նահապետյանին ազատել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բունտն է։ 

 

Բանն այն է, որ տեւական ժամանակ ԱԻՆ-ում իսկական արտակարգ իրավիճակ է, բազմաթիվ աշխատակիցներ բողոքում են ԱԻՆախարար Ֆելիքս Ցոլակյանից՝ համարելով նրան թույլ ղեկավար։ Բողոքողների մեջ Նահապետյանի բազմաթիվ աշխատակիցներ կան։ Ասում են՝ հենց դրանով է պայմանավորված վերջինիս պաշտոնանկությունը, քանի որ նախարարը համարել է, որ Արտակ Նահապետյանը չի կարողանում զսպել իր աշխատակիցներին, սաբոտաժ են անում։ «Հրապարակը» գրել էր, որ Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը, տնօրենի 2 տեղակալները, 5 մարզային վարչությունների պետեր, փրկարար ծառայության մի քանի վարչության պետեր ստորագրահավաք են սկսել նախարար Ֆելիքս Ցոլակյանի ապօրինությունների, հովանավորչության դեմ։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է ստորագրահավաքի մասին։

 

Ո՞վ է Արտակ Նահապետյանը 
 

Արտակ Նահապետյանի մասին լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան՝ կապված կեղծ դիպլոմով աշխատանքային կարիերան սկսելու հետ։
Արտակ Նահապետյանը ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետն էր, որը այդ պաշտոնում նշանակվել էր ներկայումս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԻՆ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանը Նահապետյանին ԱԻՆ էր տարել ՊՆ-ից, որտեղ Տոնոյանը երկար տարիներ փոխնախարար է աշխատել։ Նահապետյանի կենսագրությունում կարդում ենք՝ 1994թ․ ծառայել է զինված ուժերում՝ աշխատանքային գործունեությունն սկսել է որպես դասակի հրամանատար, հասել գնդապետի։ Ուշագրավ է նաեւ նրա կենսագրության մեջ նշված տվյալը Անկախության «տարելիցի» առթիվ պարգեւատրվելու մասին։

 

Ո՞վ է փոխարինելու Արտակ Նահապետյանին

 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Նահապետյանին փոխարինելու է նրա տեղակալը՝ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։

Վրեժ Վրույրի Գաբրիելյանը ծնվել է 1952 թ.-ին հունվարի 10-ին, ՀՀ պետական և ռազմական գործիչ է, , Հայաստանի Հանրապետության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ։

 

Նա ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, ինչպես նաեւ ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը։

 

Աշխատանքային կարիերան սկսել է որպես դպրոցական բաժնի հրահանգիչ, եղել է շրջկոմի քարտուղար։ Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1983 թ. ծառայության է գործուղվել ՀԽՍՀ ներքին գործերի համակարգ և նշանակվել Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ քաղդաստիարակչական աշխատանքների գծով։ Ծառայության ընթացքում նրա պաշտոնը բարձրացել է, դարձել է տրանսպորտային ներքին գործերի բաժնի քաղաքական մասի պետ, ապա բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ 1992-1994 թթ. Եղել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ, ապա՝ ռազմամոբիլիզացիոն և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ։ 

 

1996թ գործուղվել է ՀՀ ԱԻՎ և նշանակվել է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների տեսչության պետ։ Այստեղ աշխատելու տարիներին եւս նրա պաշտոնը բարձրացել է՝ Երևան քաղաքի ՔՊ և ԱԻ շտաբի պետ, վարչության պետ, ԱԻ Վարչության պետի տեղակալ, ԱԻ և ՔՊ վարչության պետ։ Իսկ 2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Քաղաքականություն

Պատահարներ