ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննա Հակոբյանը գիտի որտեղ ինչ հագուստ կրել
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ժնևում արված մեկ լուսանկարն արդեն երրորդ օրն է բազմաթիվ խոսակցությունների ու քննարկումների կիզակետում է։
Պատճառն այն էր, որ վարչապետի տիկինը վեհափառի հետ լուսանկարում երեկոյան երկար, ուսերը և ոտքերը բաց զգեստով էր, գրում է «Արմենպրես»-ը:
Եվ հենց այդ պատճառով այն ընկալվեց որպես ոչ պատշաճ վեհափառի հետ հանդիպման համար։ Որոշներն էլ ուղղակի անցան չափի և զգացողության բոլոր սահմաններն ու սկսեցին բացահայտ վիրավորանքներ հասցնել տիկնոջը։
Քննադատությունները տեղին ու արդարացված կլինեին, եթե իսկապես տիկինը վեհափառի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ նման հագուստ կրած լիներ, սակայն վարչապետի տիկինն ու վեհափառն այդ օրը մասնակցել են Ժնևում շվեյցարական կարմիր խաչի ամենամյա բարեգործական երեկոյին և լուսանկարն էլ արվել է հենց այդ երեկույթի ժամանակ։
Այդ երեկույթին մասնակցության վերաբերյալ, մինչ լուսանկարի հրապարակումն էլ, նախապես տեղեկացրել էին թե՛ վարչապետի տիկնոջ, թե՛ Մայր աթոռի մամուլի ծառայությունները։ Անշուշտ, նմանատիպ բարձրաշխարհիկ երեկոները պահանջում են նաև հատուկ «դրեսս կոդ»՝ երեկոյան զգեստ։
Որ միջոցառման 600 հյուրերը նույնպես եղել են երեկոյան զգեստներով, փաստում են ինչպես այդ երեկույթի ժամանակ արված այլ լուսանկարները, այնպես էլ տեսանյութերը։
Հետևաբար`արձանագրում ենք, որ լուսանկարի շուրջ քննարկումներն ու մեկնաբանությունները կոնտեքստից կտրված էին ու մեկ լուսանկարն ու դրա շուրջ բարձրացված այս աղմուկն ուղղակի փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։
Այս ամբողջ աղմուկի ֆոնին հետաքրքրական է մեկ այլ հանգամանք՝ տիկին Աննա Հակոբյանն ու վեհափառը բավական հաճախ են հանդիպումներ ունենում։ Դա խոսում է նաև հարաբերությունների ջերմության ու միմյանց հանդեպ հարգանքի մասին։ Այս առումով, առավել հետաքրքրական է, որ շուրջ մեկ ու կես տարվա գործունեության բոլոր համատեղ լուսանկարներում տիկինը երբևէ չի խախտել որևէ «դրեսս կոդ»։
Ի դեպ, տիկին Աննա Հակոբյանի և վեհափառի մասնակցությամբ ևս մեկ միջոցառում էլ տեղի է ունեցել երեկ՝ Impact Humanity television and film Festival-ի տոնական ընթրիքի և մրցանակաբաշխության ժամանակ։