«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին՝ մարմին չկա». ծննդաբերական հիվանդանոցում անհետ կորած նորածնի մայրը գրառում է կատարել
Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է. «Այսօր ևս այցելեցինք դատաբժշկական հիվանդանոց։ Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին։ Մարմին չկա։ Բոլորն ապշած են»։
Ավելի վաղ Հ. Խաչատրյանը մեկ ուրիշ գրառում է արել՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից և նախարարության մամուլի քարտուղար Ալինայի հետ էլ հեռախոսազրույց է ունեցել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mamul.am-ը, երեխայի ծնողերը հիմնավոր կասկածներ ունեն, որ երեխան ծնվել է առողջ՝ 4 կիլոգրամ քաշով և նրան հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ծնունդն ընդունող բժշկի՝ Ռուզաննա Քեհյանի հետ հանցավոր համաձայնության գալով, վաճառել է, գուցե և՝ երկրից են հանել:
Նրանք անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել: Հիմա ծնողները պահանջում են իրենց երեխայի դին, որն այդպես էլ հիվանդանոցի պատերի ներսում չի գտնվում: Նշենք, որ ամիսներ առաջ լրատվամիջոցներից մեկը ևս մեկ աղմկահարույց տեսանյութ ներկայացրեց, որում Հանրապետական ծննդատանը ծննդաբերած ու իր երեխային այդպես էլ չտեսած մայրը փնտրում է դստերը, իսկ նրա փաստաբանն ընդգծում է՝ մանկավաճառության մաֆիաի գոյության մասին: Իրավապահների կողմից որեւէ գործողություն՝ բժիշկների խայտառակ աշխատանքի հետ կապված կամ որեւէ պաշտոնական հայտարարություն մինչ այս պահը չկա: