«Իմ քայլը» խմբակցության անդամը կնոջը փորձում է նվաստացնել ու դրանով ինքն իրեն է իջեցնում. Զարուհի Հովհաննիսյան
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած վիրավորական արտահայտությանը գրում է.
«Մի տղամարդ, որի անունը Անդրանիկ Քոչարյան է, իրեն թույլ է տալիս անարգել կնոջը՝ Արփինե Հովհաննիսյանին, ծնողների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Այս մարդը, որն իրեն արդարության առաջամարտիկ ու անվտանգության հարցերով խորագետ է համարում, ավելին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է, «Իմ քայլը» խմբակցության անդամ, այնքան զուրկ է տարրական իրավագիտակցությունից, որ կնոջը փորձում է նվաստացնել ու դրանով ինքն իրեն է իջեցնում, իր ստացած մանդատն ու իր գլխավորած հանձնաժողովի կշիռը ևս:
Երկրի անվտանգությունը սկսվում է նրանից, թե որքանով պաշտպանված է այդ երկրում մարդը, նրա արժանապատվությունը: Հիմա ի՞նչ անվտանգության մասին ենք խոսելու, եթե ձեր մտածելակերպն ու գործելակերպը աղերսներ չունի իրավական մշակույթի հետ: Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ հետհեղափոխական Հայաստանում պետք է նման կնատյացները, նման մեթոդներով գործեն՝ հանրային կանանց լռեցնելու համար, սա անթույլատրելի է ու անընդունելի:»:
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում դիտարկում է արել, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ինչո՞ւ դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։ Այս դիտարկմանն ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասել էր` «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունը»: