ՌԴ նախագահի հետ երկու հանդիպում ենք ունեցել, բավարարված ու գոհունակ ենք․ Փաշինյան

Մենք 2019 թվականի հունվարի 1-ից ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, եւ ես կարծում եմ, որ տեղի ունեցած գագաթնաժողովը մեր նախագահության կուլմինացիան դարձավ։ 

 

Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի այն հարցին, թե ԵԱՏՄ գագաթնաժողովից ինքն ինչպիսի տպավորություններ ունի, ինչ ձեռքբերումներ ունեցանք եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում մեր երկրի առջև։

 

Հիշեցնենք, որ երեկ Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը: Երեւանում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

Հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով այստեղ էին նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում էր՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

 

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Փաշինյանը ներկայացրեց, որ մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք պայմանագիր, իսկ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵՏՄ եւ Իրանի միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը․

 

«Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, եւ այս միջոցուռումը կազմակերպելը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գորածդրում ենք, որ ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց եւ մեր անդամակցությունն էլ լինի արդյունվետ։ Տեղի ունեցած հանդիպումը, ընդլայնված նիստը նպաստում են ԵԱՏՄ միջազգային հեղինակության եւ գրավչության բարձրացմանը, եւ ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը կարողացել է որոշակի նպաստ ունենալ այս գործում»,- ասել է վարչապետը։

 

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին՝ վարչապետն ասել է, որ բոլոր գործընկերների հետ հարաբերությունները նոր պոզիտիվ լիցք կստանան․

 

«ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել, ընդհանուր ամռմաբ մոտ երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերոթյունների ամբողջ ծավալը, երկուստեք բավարարված ենք, գոհունակ ենք, մնում է մեր պայմանավորվածությունները կառավարությունները եւ քաղաքական թիմերը հետեւողականորեն իրականություն դարձնեն»։


 

Քաղաքականություն