ՏԻՄ ընտրություններ. Ղազարավանի բնակիչներից մեկը ցանկանում էր կնոջ հետ մտնել քվեախցիկ. Հետք

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում այսօր համայնքապետի հերթական ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ Հայկ Ասատրյանը (գյուղը ղեկավարում է 2011 թվականից) և Արմեն Հովսեփյանը:

 

Ժամը 08:00-ին մեկնարկեց ընտրությունը: Ղազարավանի բնակիչներից մեկը ցանկանում էր կնոջ հետ մտնել քվեախցիկ, քանի որ, ըստ նրա, կինն առաջին անգամ էր մասնակցում ընտրության: Հանձնաժողովի նախագահ Նանա Մաթևոսյանն ասաց, որ չի կարելի, կնոջը բացատրեցին քվեարկության կարգը, և նա միայնակ քվեարկեց:

 

Հանձնաժողովների անդամների և նախագահի միջև թեթև վիճաբանություն ծագեց: Ինչպես տեղեկացնում է Hetq.am-ը, հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանը պնդում էր, որ ընտրողներւց մեկի հետ օգնող պետք է մտնի քվեախցիկ, քանի որ վերջինս համր է և չի կարող միայնակ ընտրել: Հանձնաժողովի նախագահը ճշտեց ընտրողից, թե արդյո՞ք օգնության կարիք ունի, վերջինս չուզեց, որ իրեն օգնեն, և մենակ մտավ քվեախցիկ:

 

Թեկնածու Հայկ Ասատրյանի վստահված անձն էլ բողոքեց` ասելով, որ ընտրողին պետք էր բացատրել ընտրության կարգը, հետո նա մտներ քվեախցիկ: Հանձնաժողովի անդամները ասացին, որ իրենք կողմնորոշում չունեն, պարզապես մտածում են, որ այդ մարդը չէր կարող միայնակ ընտրել, հանձնաժողովի նախագահն էլ նշեց. «Չի կարող թեկնածուի մայրը կողմնորոշում չունենալ»:

Նա նկատի ուներ հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանին, որը թեկնածու Հայկ Ասատրյանի հետ գրանցված է նույն հասցեում: