Gucci-ի հայ մոդելը պատմել է ցուցադրության առաջարկի մասին

Հայ մոդել Արմինե Հարությունյանը, ով այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին.

 

«Մի աղջիկ՝ fashion scout ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին և ինքը ցանկանում է ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի որ Հայաստանից Եվրոպա մեկ օրում հասնել հեշտ չէ: Սկզբից չկարողացա գնալ, հետո նորից գրեց, գնացի գարուն-ամառ հավաքածուին: Այնտեղ մնալու և օդանավի գումարը վճարել են իրենք»:

 

Արմինեն ասաց, որ քասթինգի ժամանակ ընտրել են հենց իրեն, և ինքը այնտեղ մնացել է մեկ շաբաթ. Gucci-ի ցուցադրությունը վերջինն էր: Ցուցադրության համար 2 անգամ է փորձ արել, ապա բեմ դուրս եկել: 

Մոդելը տեղեկացրեց, որ մասնագիտությամբ մոդել չէ, այլ գրաֆիկ դիզայներ-իլյուստրատոր, բեմադրող: Այն հարցին, թե ինչ զգացողություններ ուներ բեմի վրա, նա պատասխանել է. 

«Չեմ կարող ասել. սկզբից` վախ, հետո հպարտություն, հուզմունք: Ցուցադրությունից հետո դեռ առաջարկ չեմ ստացել, հուսամ, որ կլինի, բայց չեմ կարող ասել` միանգամի՞ց կլինի, թե՞ ոչ: Իրենց հետ ցուցադրությունից հետո չեմ խոսել, բայց բոլորն ուրախ էին, կարծում եմ, որ ցուցադրությունը համարում էին ստացված»: 

Այն հարցին, թե հնարավորության դեպքում ո՞ր բրենդի մոդելը կցանկանար լինել, Արմինեն խոստովանել է` Moncler, Celine:

 

Արմինե Հարությունյանը տեղեկացրել է, որ ինքը ցուցադրությանը կրել է սպիտակ հագուստ, որը չէր համարվում գլխավոր հավաքածուի մաս, այդ զգեստը վաճառքի ցուցադրված չէր, այլ performance-ի մաս էր:

 

Հարցին  թե արդյո՞ք տեղյակ է համացանցում իր հասցեին հնչող տարաբնույթ մեկնաբանություններին և ինչպես է արձագանքում տարաբնույթ մեկնաբանություններին:

 

«Չեմ ուզում ոչինչ մեկնաբանել, չեմ կարող դատել մարդկանց, ամեն մարդ ունի իր կարծիքը: Ես չեմ կարող ոչինչ ասել մարդկանց. իրենք իրենց կարծիքի տերը թող լինեն, ես էլ` իմ»:

Արմինեն խոստովանեց, որ բոլորը զարմանում են, թե ինչպես է Gucci-ն ընտրել իրեն, իսկ իրականում այդ բրենդը հայտնի է հենց նրանով, որ ընտրում է նոր դեմքերի, որոնք մոդելինգով չեն զբաղվել: