Տիգրան Մեծ պողոտայից հեռացնում են 10 կրպակներ
Երեւանի քաղաքապետարանը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող կրպակների վերաբերյալ վտարման որոշում է կայացրել, 3 ամիս առաջ արդեն 2 կրպակ կապարակնքվել է, սակայն կրպակատերերն ասացին, որ դուրս չեն գալու իրենց տարածքներից, եւ համարում են վտարման որոշումը քաղաքապետարանի կողմից արված անօրինական քայլ։ NEWS.am-ի հետ զրույցում կրպակատերերից Արմեն Ղարիբյանը պատմել է, որ իրենք չեն տեսնում որեւէ իրավական հիմք դուրս գալու իրենց տարածքներից.
«Ես մահապարտ եմ, կռվել եմ հայրենիքի համար, ոստիկանների դեմ կռվելու ոչինչ չունենք։ Հիմա քաղաքապետարանը անօրինական քայլեր է անում «ռեյդերսկի զախվատ» են ուզում անել։ 10 տարի մենք տնօրինել ենք այս տարածքները, հարակից բակը բարեկարգել ենք, աղբահանությունը ենք արել, որը որ մեր ֆունկցիայի մեջ չի մտել։ Օրինական բոլոր փաստաթղթերն ունենք։ Մենք մի քանի անգամ դիմել ենք թաղապետարան, քաղաքապետարան, որ հասցե տրամադրեն մենք գումարը վճարենք, սեփականացնենք, բայց 2008 թվականից մեզ ոչ ոք հասցե չի տրամադրել։ Հիմա էլ եկել ասում են՝ վտարում ենք»։
Արմեն Ղարիբյանն ասաց, որ իրենց վտարման ծանուցում չի եկել. «Միանգամից եկել են ոստիկաններն ու ասում են՝ դուրս եկեք։ Ասում են՝ մեր քաղաքապետարանի գույքն է։ Չգիտեմ, թե քաղաքապետարանն այստեղ ի՞նչ է ուզում իրականացնի»։
Նա պատմեց, որ 3 ամիս կապարակնքված հարակից կրպակի բակն ամբողջությամբ աղբի մեջ է, կրպակի աշխատողներն էլ գործազրկված են. «Արդեն երկրորդ կրպակն են կապարակնքել, դռան վրա գրված է կապարակնքված, բայց կնիք չկա։ Ձեռքով գրել են կապարել են։ Ամեն մեկը մի ընտանիք էր պահում, հիմա սոված նստած են էտ մարդիկ։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, մենք հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի, էս սեփականատերերից ամեն մեկի վրա կես կիլո ասկոլկա կա, հիմա ինչ էս «ռեյդերսկի զախվա՞տ» են անում։ Մեր պայքարը թուրքի հետ ա, բայց եթե իրենք թուրքավար մեզ հետ վարվեն, պայքարելու ենք ոնց որ թուրքի դեմ։ Ամենավերջին բաներն անելու ենք, սա իմ երեխու հացն է։ 10 տնտեսվարող են, սաղ սոված նստած են, աշխատատեղ են բացում, թե քանդում եք։ Ահավոր բաներ ա լինելու, չի ստացվելու, թույլ չենք տալու»։
Փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ անհասկանալի եւ անտրամաբանական գործողություններ է իրականացվում. «Քաղաքացիներն օրինական հիմքերով տիրապետում են եւ աշխատացնում են այս կրպակաշարերը։ Եվ կայացվել է վտարման որոշում, եւ հավանաբար, նախապատվությունը որոշել են տալ այլ անձանց։ Կա քաղաքապետի որոշում, որ վտարեն տիրապետողներին, բայց տիրապետողները պատրաստ են վճարել այս տարածքների սեփականացնելու գումարները։ Սեփականության իրավունքով տարածքները պատկանում են Երեւանի քաղաքապետարանին, բայց տիրապետման ներքո է գտնվում քաղաքացիների օրինական հիմքերով։ Ուզում են հանել այս տիրապետողներին, եւ բերել այլ տիրապետողների։
Կարծում եմ՝ դա կապված է անձնական վերաբերմունքի հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինների նորանշանակ պաշտոնյաները մտածում են, որ հնարավոր է սա բանուտ մաս է, ինչո՞ւ մեր բարեկամները չլինեն, էս մարդիկ էսքան տարի օրինական հիմունքներով տիրապետել են, հիմա էլ հնարավորություն կա թող մեր ծանոթներն ու բարեկամները տիրապետեն»։
Հարցին՝ արդյոք որեւէ քայլեր պատրաստվում են իրենք ձեռնարկել, Մկրտչյանն ասաց. «Փորձելու ենք բացատրել ոստիկանության աշխատակիցներին, որ իրենց գործողությունները ոչ իրավաչափ են, եւ եթե դա հաջողությամբ չպսակվի, կվիճարկենք ապօրինի գործողությունները դատական կարգով»։