Բացակայած պատգամավորների առաջատարը դարձյալ ԲՀԿ-ից է. ԱԺ մոնիտորինգ

Ո՞վքեր են ամենաակտիվ, ամենալուռ, ամենաշատ բացակայող ու ամենահարուստ պատգամավորները: 

 

Ներկայացվել են 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

 

7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքից ընդամենը 9 տոկոսի հեղինակն է խորհրդարանը, մնացածինը կառավարությունն է: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը  նախորդների համեմատ շատ չի փոխվել:

 

Իսկ ինչ է փոխվել նոր խորհրդարանում նախորդների համեմատ. 

 

Փոխվել է նախևառաջ խոսող և լուռ պատգամավորների թիվը: Եթե նախորդ խորհրդարանում գրեթե ամեն երկրորդը լուռ էր, հիմա խոսում է վեցից հինգը: Սա ամենակարևոր փոփոխություններից մեկն է:

Տոկոսային առումով մի փոքր ավելի մեծ է «Բարգավաճ Հայաստան»-ի լուռ պատգամավորների թիվը, ամենաակտիվն էլ լուսավորհայաստանցիներն են. այստեղ բոլորը խոսում են՝ մեկից բացի:

 

 Հետաքրքիր մյուս ցուցանիշը բացակայությունների թիվն է.

 

Ամենից շատ բացակայած պատգամավորների առաջատարը դարձյալ ԲՀԿ-ից է, բայց առաջին հորիզոնականում արդեն այլ անուն է: 8 տարի շարունակ առաջատարի դիրքը պահած Գագիկ Ծառուկյանը տեղը զիջել է Վարդան Ղուկասյանին: Հիմա նա 8-րդն է բացակայությունների թվով:

 

Օրենքների գրեթե կեսը Ազգային ժողովի արտահերթ նիստերում է ընդունվել: Ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան»-ից Ջանիբեկ Հայրապետյանն է, ամենաշատը դեմ քվեարկածը Վահագն Հովակիմյանը` «Իմ քայլ»-ից: Ամենաշատը ձեռնպահ մնացածն էլ է «Իմ քայլ»-ից: Երջանիկ Հակոբյանն է: Իսկ ընդդիմության 16 օրենսդրական նախաձեռնություն նույնիսկ քվեարկության չի հասել, չի մտել օրակարգ: Դրանք մշտական հանձնաժողովներում են մերժվել:

Միքայել Մելքումյանը ամենաշատը հարց տված ու ելույթ ունեցած պատգամավորն է:  ԲՀԿ-ն չի զիջում առաջատարի դիրքը նաև իր պատգամավորների ֆինանսական կարողություններով, թեև, ընդհանուր առմամբ, ներկայիս Ազգային ժողովը նախորդի համեմատ շատ է աղքատացել:

 

Նախորդում 12 դոլարային միլիոնատեր պատգամավոր կար, հիմա երկուսն են` երկուսն էլ ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանն ու Դավիթ Մանուկյանը: Ընդ որում՝ Ծառուկյանի հայտարարագրած միջոցների ընդհանուր ծավալը, որը շուրջ  99 միլիարդ դրամ է, ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97 տոկոսն է կազմում: