Անձամբ իմ կյանքում Վեհափառ Տերը շատ մեծ դեր է ունեցել. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել երջանկահիշատակ Տ․Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին և հիշատակի միջոցառումներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո նախագահ Սարգսյանը հանդես է եկել հիշատակի խոսքով։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից:
«Ինձ համար դժվար, բայց միաժամանակ նաև շատ պատվաբեր է այսօր Գարեգին Առաջին Վեհափառին հիշել ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև՝ նրա բարեկամ։ Ես չէ, որ պետք է Վեհափառ Տիրոջը գնահատական տամ։ Գնահատականը, գնահատանքը տրվել է և տրվելու է ապագայում, տրվել է Աստծու կողմից՝ ընտրելով նրան որպես իր զավակ, որպես Հայոց Վեհափառ։ Եվ մեր ժողովրդի կողմից, որը մինչև այսօր գնահատանքով և սիրով է լցված Գարեգին Առաջին Վեհափառի նկատմամբ: Անձամբ իմ կյանքում Վեհափառ Տերը շատ մեծ դեր է ունեցել։ Կարող եմ ասել, որ Վեհափառն իմ աստվածաշնչային առաջին ուսուցիչն է եղել։ Երբ տարիներ առաջ՝ 90-ականների սկզբին Լոնդոնում էի որպես դեսպան, և Վեհափառ Տերն առաջին անգամ այցելեց Լոնդոն, ես իմ առաջին դասը ստացա նրանից՝ պատարագի ժամանակ նստած լինելով նրա կողքին։ Պատարագն ամբողջությամբ կատարելով՝ Վեհափառ Տերն ինձ բացատրում էր դրա ողջ հոգևոր իմաստը։ Մեր զրույցը շարունակվեց դրանից հետո մի քանի ժամ, ապա մի քանի տարի։ Յուրաքանչյուր անգամ հանդիպելիս՝ ես հոգևոր կյանքի և հայրենասիրության դասեր էի առնում Վեհափառից»։
Նախագահը հիշել է, որ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ շփումներից մեծապես տպավորված էին նաև արտերկրի գործընկերներն ու գործիչները, որոնց հետ հանդիպումներում նույնպես նա փայլուն ներկայացնում էր մեր ողջ ժողովրդի պատմությունը և նրանց դարձնում Հայաստանի լավ բարեկամներ։
«Երբ Վեհափառն արդեն ծանր հիվանդ էր Համաշխարհային բանկի այն ժամանակվա նախագահ Ջեյմս Ուոլֆենսոնը պաշտոնական այց կատարեց Հայաստան, որի իրական նպատակներից մեկը Վեհափառին տեսնելն էր մահվանից առաջ։ Նույն կերպ Բիլ Քլինթոնը տարիներ շարունակ ինձ հիշեցնում էր Վեհափառի հետ իր փայլուն հանդիպումը և այդպես շարունակ,-պատմել է նախագահը։-
Երբ ես վարչապետ էի, ամեն երկու-երեք օրը մեկ աշխատանքի վերջում Վեհափառի հետ հանդիպում էինք նրա երևանյան առանձնատանն ու երկար զրուցում։ Վեհափառը մեծ հայ էր, մեծ մարդ և հսկայական հետք է թողել։ Վեհափառը կա և ապրում է, ապրու