Հասարակություն

Զբոսաշրջիկը մահացել էր արջի հարձակումից. վարկածներ Մանվելյանից

WRed 382 դիտում
Զբոսաշրջիկը մահացել էր արջի հարձակումից. վարկածներ Մանվելյանից

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ լեհ զբոսաշրջիկների հետ կապված ողբերգական պատահարին, երբ արջը Արագած տանող ճանապարհին հարձակվել էր նրանցից մեկի վրա, ինչի հետևանքով զբոսաշրջիկը մահացել էր: 

 

Կարեն Մանվելյանը ցավալի դեպքի մասին տեղեկացել է համացանցից և պատրաստվում է այցելել դեպքի վայր ու մանրամասն զննել տեղանքը:

 

«Այդուհանդերձ, մեզ զարմացնում է այն հանգամանքը, թե արջն ինչպես էր հայտնվել 3500 մետր բարձրության վրա, առավել ևս, որ այնտեղ հատկապես այս սեզոնին՝ կեր չկա: Ընդհակառակը, նրանք իջնում են անտառային գոտի, որտեղ կան պտուղներ, որոնցով սնվում են ու պատրաստվում ձմռանը: Արջերը սովորաբար բարձրանում են մինչև 2500 մետր ու մի քիչ էլ ավել հատկապես ամռան ամիսներին, և այդ պատճառով էլ անհասկանալի է միջադեպի հետ կապված այդ հանգամանքը: 

 

Թերևս արջն այդ բարձրության վրա կարող էր լինել միայն այն դեպքում, եթե ունենար կերի այլընտրանքային աղբյուր: Ասում են, որ այնտեղ կան օբյեկտներ, ռեստորաններ, որտեղ գոյանում է աղբ, ինչի պատճառով էլ արջը հայտնվել է այդ տարածքում: Համենայն դեպս, դա նրա ապրելավայրը չէ»,- նշում է Կարեն Մանվելյանը:   

 

Ըստ նրա՝ երկրորդ վարկածը կարող է լինել այն, որ արջը եղել է վիրավոր ու փախել է վերև: Կենդանին հասկանում է, որ մարդիկ են կրակում, ուստի կատաղել է և հարձակվել առաջին պատահած մարդու վրա: Երրորդ վարկածի համաձայն՝ արջը թերևս եղել է ձագերի հետ ու այդ կերպ փորձել է պաշտպանել նրանց, բայցևայնպես, Մանվելյանը վերապահումով է մոտենում այդ վարկածին՝ պնդելով, որ արջերն այս սեզոնին այդքան բարձր չեն գնում: 

Վիճակագրության համաձայն՝ մարդկանց վրա հարձակումների քանակով արջը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նույնիսկ խոշոր կատվազգիներն այդ ցուցակում երրորդն են: Արջը բավական ուժեղ կենդանի է, բայց դրա հետ մեկտեղ շատ վախկոտ է: 

 

Կարեն Մանվելյանի պնդմամբ՝ շատ հաճախ արջը վախից է հարձակվում, առավել ևս, եթե նահանջելու տեղ չի ունենում: Նրա կարծիքով՝ միգուցե այդ արահետում կենդանին հենց նահանջի ճանապարհ չի ունեցել և այդ պատճառով հարձակվել է լեհ զբոսաշրջիկների վրա: Անկախ ամեն ինչից, պետք է լավ զննել տեղանքը թե՛ մասնագիտական, թե՛ դատաբժշկական հետազոտության միջոցով:

 

Այդուհանդերձ, Կարեն Մանվելյանը շեշտում է այն հանգամանքը, որ արջերը Հայաստանում խիստ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա և միշտ խուսափում են նրանցից:



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250