Քաղաքապետարանը ղեկավարում են տաղանդավոր դերասանների կողմից. «Սանիթեք»

«Սանիթեք» ընեկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, որոնք տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել եւ ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:

 

Հայտարարության մեջ նաև ասվում է.

 

«Շատ մտահոգիչ է նաեւ այն, թե ինչպես է քաղաքապետարանը  շարունակաբար վատաբանում եւ զրպարտում է ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների արած աշխատանքը:

 

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ oգոստոսի համար Երեւանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ` 12 վարչական շրջանների սպասարկման համար: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երեւանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ եւ այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ` վճարվել է 12 վարչական շրջաններից միայն 5-ի համար:

 

Օգոստոս ամսվա առաջին կեսին փոխանցված գումարը ընկերությունը ծախսել է իր ամենօրյա աշխատանքների կազմակերպան համար` վառելիքի, սանմաքրման պարագաներ ձեռք բերելու, ֆինանսական այլ պարտավորությունների կատարելու եւ այլ ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով:

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, առ այսօր քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` վարչական շրջանների կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:

Նշենք նաեւ, որ «Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը:

 

Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները եւ ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել եւ գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի եւ սեփական օրակարգի համար «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է,  իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ:

Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները եւ  որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, որտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա՞ է արդյոք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:

 

«Սանիթեք» ընկերությունը միշտ գործել եւ շարունակում է գործել օրենքի տառին համապատասխան»: