Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել. դատախազ

Ուզում եմ մատնանշել, որ սույն դատական գործի շրջանակներում գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ճնշումներ են գործադրել դատական իշխանության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով կամ ստորագրությամբ փոխարինելու միջնորդության ժամանակ, ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը․

 

«Ամեն անգամ, երբ պարոն Քոչարյանի կալանքի հարց պետք է քննվի, ակտիվանում են ճնշումները, հենց կալանքի ակտուալության հարց է քննարկվում, ճնշումները դադարում են, վերջին ակտիվությունը եղել է երեկ՝ ձեր կողմից որոշում կայացնելու նախօրեին»,- ասաց նա՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

 

Օրբելյանն ասաց, թե օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել այս գործի հարցով, ինչին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց, իսկ պաշտպանն ընդունեց առարկությունը՝ ասելով, թե հանում է այդ հատվածը։ Դատախազը շարունակեց՝ «Դրա համար ցանկացած բան չի կարելի կանգնել, ասել»։

 

«Չեմ ուզում անդրադառնալ օդում կախված լուրերին՝ ձեզ կատարած այցերին տարբեր մարդկանց կողմից, ընդամենը ասում եմ, որ օդում կախված լուրեր կան»,–ասաց Օրբելյանը։

 

Նրա խոսքով՝ խաթարված է Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը. «Այս գործընթացի շարունակությունը ցանկացած արդյունքով՝ ինչ որոշում էլ դուք ընդունեք չի կարող երաշխավորել անաչառ դատարանի կողմից գործի արդար դատաքննության իրավունքը»։

Արամ Օրբելյանը միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ Սահմանադրական դատարանի՝ 300.1 հոդվածի վարույթ ընդունումը հաստատում է, որ կա լուրջ կասկած, որ այդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը.

 

«Հաշվի առնելով այն, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը ձեր կողմից վարույթ ընդունելուց հետո ընդունվել է խորհրդակցական սենյակում, այսինքն՝ առանց հրապարակային քննության, եւ, ըստ էության, կալանավորման պայմանների հարցը հաստատված է համարվել՝ հիմք ընդունելով ուսումնասիրված նյութերը, ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի որոշման բեկանման պահին առկա չի եղել մի շատ կարեւոր հանգամանք, որը Վերաքննիչի կողմից քննության առարկա չէր կարող դառնալ։ 

 

Դա այն հանգամանքն է, որ ՍԴ-ի կողմից քննության է առնվել 300.1 հոդված սահմանադրականության հարցը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ–ն ստանալով կողմերի դիմումները, քննության է առնում, եթե չկան առերեւույթ հիմքեր, որ սահմանադրականության խնդիր չկա։ Այսինքն՝ ՍԴ-ի կողմից աշխատակարգային որոշումով վարույթ ընդունելով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, դրա համադրումը 72,73, 78,79 հոդվածներին, հաստատում են, որ կա լուրջ կասկած, որ դրանք չեն համապատասխանում Սահմանադրությանը»։