Արմավիրում 11-րդ դասարանի աշակերտը վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Այգեկ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Հովհաննիսյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որը վթարի վայրից «խելոքները» հեռացրել էին՝ մտածելով, որ ոստիկանները չեն իմանա վրաերթի մասին։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և վրաերթի ենթարկվածը սովորում են Այգեկի միջնակարգ դպրոցում, վարորդը՝ 11-րդ, վրաերթի ենթարկվածը՝ 7-րդ դասարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: