ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սուրենավանում ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:01-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ռազմիկ Ա., ծնված 1962 թ.) և «BMW» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին:

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն (ծնված 1995 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի՝ Վարոս Մ.-ի, ուղևորների՝ Քրիստինե և Լուսինե Մ.-երի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և «BMW» մակնիշի ավտոմեքենան բարձրացրել ավտոքարշակի վրա: