«Ժողովուրդն ասում է ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի.սրանից ավելի հստակ դիրքորոշում չկա». Նաիրա Զորհրաբյան

Ես ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստանի» հստակ դիրքորոշումը՝ քանի դեռ ժողովուրդն ասում է ոչ, Ամուլսարը չի շահագործվելու, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանն, ով Բաղրամյան պողոտա էր եկել ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ:

«Մեր խմբակցությունով շատ արագ քննարկում ունեցանք, ու ես հիմա ներկայացնում եմ մեր խմբակցության դիրքորոշումը: Այն հստակ է՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, ու նա պետք է որոշի», - նշեց նա: 

 

Քաղաքացու դիտարկմանը՝ ճի՞շտ չէր լինի նախկին իշխանությունների ժամանակ իրենք թույլ չտային, որ Ամուլսարում գործընթացներ սկսվեին ու ոչ թե հիմա ցույց տային, որ ժողովրդի կողքին են, պատգամավորը պատասխանեց.

«Ես եկել եմ ներկայացնելու «Բարգավաճ Հայաստանի»՝ հենց նոր կայացրած որոշումը: Չի կարելի անտեղի աղմկել, վիրավորել ու նախորդ տարիները հիշել: Հիմա ասում եմ՝ իշխանությունը ժողովուրդն է, նա է որոշելու: Ժողովուրդն էլ հիմա ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի: Սրանից ավելի հստակ դիրքորոշում կա՞»:

 

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ ԱԺ այգին բացվեց, որպեսզի ժողովուրդը ազատ մուտք ունենա: ԱԺ այգու մոտքն արգելափակած ոստիկանների գործողությունները պատգամավորը որակեց ոչ իրավաչափ:

 

«Երբ այգին բացում էիք՝ ասում էիք՝ «ժովուրդ ջան, սա ձերն է»: Բա ո՞նց եղավ, որ այս պահին իրենցը չի»:

 

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկամն արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին, սակայն ոստիկանները պատ կազմեցին և արգելափակեցին քաղաքացիների մուտքը ԱԺ այգի:

 

Քաղաքականություն