«Ժողովու՛րդ ջան, ո՞նց եք ստեղ ապրում, համաճարակի բուն է». Աղյուսագործների 86 հասցեում ապրող մոտ 20 մարդ զրկվել է կոյուղագծից
Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիքներ՝ մոտ 20 մարդ, զրկվել են կոյուղագծից:
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Աղյուսագործների 86 հասցեում այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել։ Նշված հասցեի բնակիչ Մարիամ Վարդանյանը նշեց , որ կոյուղին խցափակել են Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր, Ռոստոնի 91 տան բնակիչ Էլենա Սողոմոնյանը և նրա ընտանիքը, որի կազմում են նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը։
Բնակիչներից Մարիամ Վարդանյանն, ով ծնված օրվանից ապրում է նույն հասցեում, այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը՝ նկատելով, որ կոյուղին շահագործվել է միշտ:
«Հիմա վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը, ով Ռոստոմի 91 հասցեի բնակիչ է, շաղախով խցափակել է կոյուղագիծը. թույլ չեն տալիս, որ բնակիչների միջոցով մաքրվի խցանումը»,- ներկայացրեց նա:
Վարդանյանի խոսքով՝ կոյուղաջրերը լցվել են 86 հասցեի վերջին տան հիմք, որտեղ որդեր են լցվել, իսկ բնակիչը լքել է իր իսկ բնակարան ու ապրում է վարձով: Նա հավելեց, որ ինքն անձամբ փորձել է բանակցել Սողոմոնյանների ընտանիքի անդամների հետ, սակայն դարպասի դռներն էլ չեն բացել:
«Մի անգամ հեռվից ասացին, որ արդեն ուշացել եք, խոսելու ոչինչ չկա: Սա վկայում է, որ դիտավորյալ են խցափակել: Իրեն ասում են, որ կոյուղագիծը ժամկետով է տրամադրված»,- ասաց Մարիամ Վարդանյանը:
84 տան բնակիչ Աննա Արսենյանն էլ հայտարարեց, որ պատրաստ են իրենց միջոցներով նոր կոյուղի կառուցել:
«Պարզապես ասում են՝ 700-1000 դոլար ծախսեք, որ մի տարով կոյուղի ունենաք, բա մի տարուց հետո ի՞նչ անեմ»,- ընդգծեց Աննա Արսենյանը:
Բնակիչների խնդրին ծանոթանալու են եկել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան ու Վահե Էնֆիաջյանը:
Մանրամասները՝ 24News-տեսանյութում։